Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։ Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։ Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։ Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" »։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։
Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
Բայց ես ասացի ձեզ, որ թեև ինձ տեսաք, սակայն չեք հավատում։ Նա, ում Հայրը ինձ տալիս է, կգա ինձ մոտ, և ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Ինձ ուղարկողի կամքն այն է, որ նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է, չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։