ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:40-53

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:40-53 ՆՎԱԱ

Արդ ժողովրդի միջից շատերը, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. «Իրապես որ նա մարգարեն է»։ Ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը»։ Իսկ մնացածն էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է. "Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր"»։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։ Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։ Արդ, սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, և սրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք»։ Սպասավորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Փարիսեցիները նրանց պատասխանեցին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։ Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։ Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց. «Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։ Նրանք պատասխանեցին նրան. «Գուցե դու է՞լ ես Գալիլեայից. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։ Եվ ամեն մեկն իր տուն գնաց։