ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:12-30

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:12-30 ՆՎԱԱ

Արդ Հիսուսը նորից խոսեց նրանց հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։ Այդժամ փարիսեցիները նրան ասացին. «Դու ինքդ ես քո մասին վկայում. քո վկայությունը ճշմարիտ չէ»։ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Թեև ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղի՛ց եմ եկել և ո՛ւր եմ գնում։ Իսկ դուք չգիտեք, թե որտեղի՛ց եկա և ո՛ւր եմ գնում։ Դուք ըստ մարմնի եք դատում, իսկ ես ոչ ոքի չեմ դատում։ Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես մենակ չեմ, այլ ես եմ ու Հայրը, որն ուղարկեց ինձ։ Եվ ձեր օրենքում իսկ գրված է. "Երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է"։ Ես ինքս եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է նաև Հայրը, որն ուղարկեց ինձ»։ Արդ նրան հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ գիտեք, ո՛չ էլ իմ Հորը. եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»։ Հիսուսն այս խոսքերն ասաց գանձատանը, երբ նրանց ուսուցանում էր տաճարում։ Եվ նրան ոչ ոք չբռնեց, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ես գնում եմ. ինձ կփնտրեք և ձեր մեղքերի մեջ կմեռնեք. ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»։ Հրեաներն ասում էին. «Գուցե ինքնասպա՞ն է լինելու, որովհետև ասում է. "Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ"»։ Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք, իսկ ես՝ վերևից. դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Արդ ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Այդժամ նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։ Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն նա, ով ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ նրանից, այն եմ խոսում աշխարհում»։ Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր ասում իրենց։ Հիսուսը նրանց ասաց. «Երբ Մարդու Որդուն բարձրացնեք, այն ժամանակ պիտի իմանաք, որ ես եմ, և ինքս ինձանից ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրն ինձ սովորեցրեց, այն եմ խոսում։ Ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ նրան հաճելի է»։ Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին նրան։