ՀՈՎՀԱՆՆԵՍ 9

9
Ի ծնե կույրի բժշկումը
1Մինչ Հիսուսն անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ 2Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռա՛բբի, ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները»։ 3Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան։ 4Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ 5Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի»։ 6Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին 7ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (որ նշանակում է «Ուղարկված»)։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։ 8Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։ 9Ոմանք ասում էին՝ «Նա է», ուրիշներն էլ՝ «Նրան նման է»։ Սակայն ինքն ասում էր՝ «Ես եմ»։ 10Արդ նրան հարցնում էին. «Հապա աչքերդ ինչպե՞ս բացվեցին»։ 11Նա պատասխանեց. «Մի մարդ, անունը՝ Հիսուս, կավ շինեց, աչքերիս քսեց և ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ ու լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ 12Եվ նրան ասացին. «Որտե՞ղ է նա»։ Ասաց. «Չգիտեմ»։
13Նրան, որ մի ժամանակ կույր էր, փարիսեցիների մոտ տարան։ 14Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց ու նրա աչքերը բացեց։ 15Փարիսեցիները ևս նրան կրկին հարցրին, թե ինչպե՛ս եղավ, որ նա տեսնում է։ Եվ նա ասաց նրանց. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի և տեսնում եմ»։ 16Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Իսկ ուրիշներն ասում էին. «Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ երկպառակություն կար։ 17Այդժամ կույրին դարձյալ հարցրին. «Իսկ դու ի՞նչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց»։ Նա ասաց. «Մարգարե է»։
18Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին 19և նրանց հարցրին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել. իսկ հիմա ինչպե՞ս է տեսնում»։ 20Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել, 21բայց թե հիմա ինչպե՛ս է տեսնում, չգիտենք, կամ թե ո՛վ բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք. նրա՛ն հարցրեք. ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի»։ 22Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։ 23Դրա համար նրա ծնողներն ասացին. «Ինքը չափահաս է, իրե՛ն հարցրեք»։
24Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ 25Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։ 26Եվ դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, աչքերդ ինչպե՞ս բացեց»։ 27Նրանց պատասխանեց. «Ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք. ի՞նչ եք դարձյալ ուզում լսել. գուցե դուք է՞լ եք ցանկանում նրան աշակերտել»։ 28Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ 29Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ 30Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։ 31Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ 32Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ 33Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել»։ 34Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։
Հոգու կուրությունը
35Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ 36Նա պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, իսկ ո՞վ է նա, որ նրան հավատամ»։ 37Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ քեզ հետ խոսողն էլ նա է»։ 38Եվ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան։ 39Հիսուսն ասաց. «Ես այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։
40Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։ 41Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում եք՝ "Տեսնում ենք", և ձեր մեղքը ձեր մեջ է մնում»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք