ՀՈԲ 11:1-20

ՀՈԲ 11:1-20 ՆՎԱԱ

Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանեց. «Մի՞թե շատ խոսքերին պատասխան չի լինի, կամ շատախոս մարդը պիտի արդա՞ր դուրս գա։ Քո դատարկ խոսքե՞րը պիտի մարդկանց լռեցնեն. դու ծաղրես, ու հանդիմանող չլինի՞։ Որ ասում ես՝ “Իմ խոսքը մաքուր է, և քո աչքի առաջ անարատ եմ”։ Սակայն երանի՜ թե Աստված խոսեր ու քո դեմ իր շուրթերը բաց աներ Եվ քեզ իմաստության գաղտնիքը հայտներ, որովհետև ճշմարիտ իմաստությունը երկու երես ունի։ Ուրեմն իմացի՛ր, որ Աստված քո հանցանքների մի մասը մոռացության է տալիս։ Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել կամ Ամենակարողին ամբողջապես հասկանալ։ Նա երկնքի բարձրությունն ունի. դու ի՞նչ կարող ես անել։ Դժոխքից էլ խորն է նա. ի՞նչ կհասկանաս։ Նրա չափը երկրից երկար է ու ծովից էլ լայն է։ Եթե նա անցնի ու բռնի և դատի հավաքի, նրան ո՞վ ետ կպահի։ Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։ Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։ Եթե դու քո սիրտն ուղղես և ձեռքերդ դեպի իրեն տարածես, Եթե ձեռքիդ անօրենություն կա, այն հեռացրո՛ւ, ու քո վրաններում անիրավություն թող չբնակվի։ Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։ Որովհետև թշվառությունը կմոռանաս, այն անցած ջրերի պես կհիշես։ Կյանքը կեսօրից էլ պայծառ կկանգնի, եթե խավարի էլ, առավոտվա պես կլինի։ Դու ապահով կլինես, որովհետև հույս կա։ Դու կպահպանվես ու ապահովության մեջ կհանգստանաս։ Կպառկես, ու վախեցնող չի լինի։ Շատերը քո հաճությունը կխնդրեն։ Բայց ամբարիշտների աչքերը պիտի նվաղեն, և նրանք ապաստան չեն ունենա. նրանց հույսը հոգեվարքի մեջ պիտի լինի»։