ՀՈԲ 26:1-14

ՀՈԲ 26:1-14 ՆՎԱԱ

Հոբը պատասխանեց. «Ինչպե՜ս օգնեցիր տկարին, զորացրի՜ր ուժ չունեցողի բազուկը։ Ինչպե՜ս խրատ տվեցիր իմաստուն չեղողին ու մե՜ծ հմտություն սովորեցրիր։ Այդ խոսքերն ո՞ւմ ասացիր, և ո՞ւմ շունչը քեզանից դուրս եկավ։ Ուրվականները երկունքով են բռնվում, ստորին ջրերն ու դրանց բնակիչներն էլ։ Մերկ է դժոխքը նրա առաջ, և մեռելների աշխարհը ծածկոց չունի։ Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում և ոչնչի վրա երկիրը կախում. Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։ Նա լիալուսնի երեսը ծածկել է, իր ամպը դրա վրա տարածել։ Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։ Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։ Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։ Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։ Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։