ՀՈԲ 5:6-18

ՀՈԲ 5:6-18 ՆՎԱԱ

Որովհետև հողից չարիք չի ծլի, ու գետնից թշվառություն չի բխի։ Սակայն մարդը թշվառության համար է ծնվել, ինչպես որ կրակի կայծերն են թռչում։ Սակայն ես Աստծուն կդիմեի և իմ հարցը կհանձնեի Աստծուն, Որ մեծ սքանչելիքներ է անում, որոնք հնարավոր չէ քննել, հրաշքներ, որոնք թիվ չունեն։ Նա երկրի երեսին անձրև է տալիս ու դաշտերի վրա ջրեր ուղարկում. Խոնարհներին բարձրացնում է և սգավորներին ապահովության հասցնում։ Նա խորամանկների հնարները խափանում է, ու նրանց ձեռքերը հաջող մի բան չեն անում։ Նա իմաստուններին բռնում է իրենց խորամանկությունների մեջ, և նենգավորների մտադրությունն անմիջապես խափանվում է։ Ցերեկով մութի են հանդիպում, կեսօրին էլ գիշեր ժամանակի պես խարխափում են։ Նա աղքատին սրից, նրանց բերանից ու հզոր ձեռքից ազատում է։ Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։ Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։ Որովհետև նա խոցում է, բայց վերքը փաթաթում էլ է. նա զարկում է, բայց նրա ձեռքը բուժում էլ է։