ՀԵՍՈՒ 14:6-15

ՀԵՍՈՒ 14:6-15 ՆՎԱԱ

Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու գիտես այն խոսքը, որ Տերը Կադես-Բառնեայում ասաց Աստծու մարդ Մովսեսին իմ և քո մասին։ Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։ Սակայն ինձ հետ վեր գնացող իմ եղբայրները ժողովրդի սիրտը թուլացրին, բայց ես ամբողջովին հետևեցի իմ Տեր Աստծուն։ Այն օրը Մովսեսը երդում արեց՝ ասելով. “Այն երկիրը, ուր քո ոտքը կոխել է, հավիտյան քոնը և քո որդիներինը թող լինի իբրև ժառանգություն, որովհետև դու ամբողջովին հետևեցիր իմ Տեր Աստծուն”։ Արդ, ահա Տերն ինձ ողջ է պահել, ինչպես որ ասել էր. քառասունհինգ տարիներին այն ժամանակից ի վեր, որ Տերն այս խոսքն ասաց Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Եվ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ։ Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։ Հիմա տո՛ւր ինձ այն լեռը, որի մասին Տերը խոսեց այն օրը, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ և մեծ ու պարսպապատ քաղաքներ. գուցե Տերն ինձ հետ լինի, և ես կհալածեմ նրանց, ինչպես որ Տերն ասել է»։ Եվ Հեսուն օրհնեց նրան ու Քեբրոնը Հեփոնեի որդի Քաղեբին տվեց իբրև ժառանգություն։ Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը և այդպես է մինչև այսօր, որովհետև նա ամբողջովին հետևեց Իսրայելի Տեր Աստծուն։ Քեբրոնի անունն առաջ Կարիաթ-Արբա էր, որն ամենամեծ մարդն էր եղել ենակիմների մեջ։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։