ՀԵՍՈՒ 18:1-9

ՀԵՍՈՒ 18:1-9 ՆՎԱԱ

Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։ Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։ Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։ Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։ Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ, որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։ Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։ Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։