ՀԵՍՈՒ 22
22
Հեսուն արևելքի ցեղերին տուն է ուղարկում
1Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի, Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին 2ու նրանց ասաց. «Ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, դուք այդ բոլորը պահեցիք և անսացիք իմ խոսքին այն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ։ 3Այսքան շատ օրեր, մինչև այս օրը չթողեցիք ձեր եղբայրներին և պահեցիք ձեր Տեր Աստծու պատվիրանները։ 4Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։ 5Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն պատվիրաններն ու այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել է ձեզ. որ սիրեք ձեր Տեր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահեք նրա պատվիրանները, հարեք նրան և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։ 6Եվ Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց վրանները։ 7Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց, 8խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։
9Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան իրենց ժառանգությունը եղող երկիրը, այսինքն՝ Գաղաադի երկիրը, որը ստացել էին Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանով։
Հորդանան գետի մոտ կառուցված զոհասեղանը
10Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։ 11Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։ 12Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, Իսրայելի որդիների ամբողջ համախմբումը հավաքվեց Սելովում, որպեսզի նրանց դեմ պատերազմելու գնա։ 13Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադի երկիր ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային 14և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։ 15Նրանք գնացին Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, և խոսեցին նրանց հետ՝ ասելով. 16«Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։ 17Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։ 18Դուք այսօր խոտորվեցիք Տիրոջից, ուրեմն եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը նա էլ կբարկանա Իսրայելի ամբո՛ղջ ժողովրդի վրա։ 19Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։ 20Չէ՞ որ Զարայի որդի Աքարը մեղք գործեց՝ նզովված բաներից վերցնելով, և Տիրոջ բարկությունն ամբողջ Իսրայելի համայնքի վրա թափվեց, և այդ մարդը միայնակ չմեռավ իր անօրենության պատճառով”»։
21Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին և ասացին Իսրայելի հազարապետներին. 22«Աստվածների Աստվածը՝ Տերը, աստվածների Աստված Տերը գիտե, և Իսրայելն էլ թող գիտենա. եթե այս բանն ապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցանք գործելով արեցինք, թող մեզ այսօր չփրկի։ 23Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք Տիրոջից ետ դառնալու կամ դրա վրա ողջակեզ ու հացի ընծա մատուցելու և կամ դրա վրա խաղաղության զոհեր անելու համար, Տերն ինքը թող քննի։ 24Բայց մենք դա շինեցինք մեր վախից՝ ասելով, թե վաղը ձեր որդիները մեր որդիներին կասեն, թե՝ “Դուք Իսրայելի Տեր Աստծու հետ ի՞նչ ունեք. 25Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։ 26Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար, 27այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ "Դուք բաժին չունեք Տիրոջից"”։ 28Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ "Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար"”։ 29Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։
30Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։ 31Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։ 32Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։ 33Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։ 34Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցին Վկայություն, որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018