ՀԵՍՈՒ 24

24
Հեսուն Սյուքեմում խոսում է ժողովրդի հետ
1Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։ 2Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ 3Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին, 4Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։ 5Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։ 6Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։ 7Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։ 8Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։ 9Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։ 10Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։ 11Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։ 12Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։ 13Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։
14Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։ 15Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։
16Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք, 17որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ 18Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։
19Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։ 20Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։
21Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։
22Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։ 23«Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։ 24Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։
25Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։ 26Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։ 27Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։ 28Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։
Հեսուի և Եղիազարի մահը
29Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։ 30Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։
31Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար Տիրոջ արած բոլոր գործերը։
32Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով,#24.32 Փողի անուն է։ և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։
33Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 24: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք