ՀԵՍՈՒ 4
4
Հիշատակության տասներկու քարերը
1Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. 2«Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ, 3և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։ 4Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։ 5Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին, 6որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”, 7նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։ 8Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։ 9Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։ 10Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։ 11Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։
12Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։ 13Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։
14Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։ 15Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով. 16«Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։ 17Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։ 18Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։
19Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։ 20Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում 21և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝ 22“Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”, 23որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք, 24որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։
Արդեն Ընտրված.
ՀԵՍՈՒ 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018