Ղուկաս 13

13
Կոչ ապաշխարության
1Նույն ժամանակ ոմանք եկան ու պատմեցին այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց զոհաբերություն մատուցելու ժամին և այդ կերպ նրանց արյունը խառնեց զոհաբերված կենդանիների արյան հետ։ 2Հիսուսը նրանց ասաց. «Կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ այդպիսի բաներ քաշեցին, ավելի մեղավո՞ր էին մյուս գալիլեացիներից։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք։ 4Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փլվեց ու սպանեց նրանց։ Կարծում եք, թե նրանք Երուսաղեմում բնակվողներից ավելի հանցավո՞ր էին։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթե չապաշխարեք, բոլորդ էլ այդպես կկորչեք»։
Անպտուղ թզենին
6Այս առակն էլ ասաց. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել։ Գնաց նրա վրայից պտուղ հավաքելու, բայց չգտավ։ 7Եվ այգեպանին ասաց. "Ահա երեք տարի է, ինչ գալիս եմ այդ թզենու վրայից պտուղ հավաքելու, բայց չեմ գտնում. կտրի՛ր այն, ինչո՞ւ հողը զբաղեցնի"։ 8Իսկ նա պատասխանեց. "Տե՛ր, այս տարի էլ թող դրան, մինչև որ չորս կողմը փորեմ ու գոմաղբ լցնեմ։ 9Թերևս պտուղ տա, ապա թե ոչ եկող տարի կկտրես այն"»։
Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով
10Հիսուսը շաբաթ օրը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։ 11Եվ ահա մի կին կար, որ տասնութ տարուց ի վեր տառապում էր չար ոգուց. կծկված էր և բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ 12Հիսուսը, նրան տեսնելով, իր մոտ կանչեց նրան ու ասաց. «Ո՛վ կին, քո հիվանդությունից ազատված ես»։ 13Եվ ձեռքը նրա վրա դրեց. նա իսկույն ուղղվեց ու փառաբանում էր Աստծուն։ 14Իսկ ժողովրդապետը, շատ բարկացած, որ Հիսուսը շաբաթ օրով բժշկեց, ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում պետք է գործել. արդ այդ օրերի՛ն եկեք բուժվելու, այլ ոչ թե շաբաթ օրը»։ 15Տերը նրան ասաց. «Կեղծավո՛ր, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրն իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում, տանում ջուր տալիս։ 16Իսկ սա, Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, պետք չէ՞ր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։ 17Եվ երբ նա այս ասաց, նրա բոլոր հակառակորդները ամոթահար եղան։ Եվ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն փառավոր գործերի համար, որ կատարվում էին նրա կողմից։
Մանանեխի հատիկի առակը
(Մտթ. 13.31-32, Մրկ. 4.30-32)
18Եվ ասաց. «Ինչի՞ է նման Աստծու արքայությունը, ինչի՞ նմանեցնեմ այն։ 19Այն նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ առավ, իր պարտեզի մեջ ցանեց։ Մեծացավ ու մեծ ծառ դարձավ, և երկնքի թռչունները բույն էին դնում նրա ճյուղերի վրա»։
Թթխմորի առակը
(Մտթ. 13.33)
20Եվ դարձյալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայությունը։ 21Այն նման է խմորի, որ մի կին վերցրեց ու երեք չափ ալյուրի մեջ թաթախեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։
Նեղ դուռը
(Մտթ. 7.13-14,  21-23)
22Հիսուսը շրջում էր քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ և ուսուցանում էր։ Եվ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ։ 23Մեկը նրան ասաց. «Տե՛ր, մի՞թե փրկվողները քիչ են»։ Իսկ նա ասաց նրանց. 24«Ջանացեք նե՛ղ դռնով ներս մտնել, որովհետև, ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ 25Երբ ժամանակը գա, տանտերը կելնի, դուռը կփակի, և դրսում կանգնած՝ կսկսեք դուռը բախել ու ասել. "Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար"։ Եվ նա պատասխանելով կասի ձեզ. "Չգիտեմ, թե որտեղի՛ց եք"։ 26Այն ժամանակ կսկսեք ասել. "Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր"։ 27Եվ կասի. "Ձեզ ասում եմ. ես ձեզ չեմ ճանաչում, թե որտեղի՛ց եք, հեռացե՛ք ինձանից, բոլո՛ր անիրավություն գործողներդ։ 28Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց, երբ Աբրահամին, Իսահակին, Հակոբին ու բոլոր մարգարեներին տեսնեք Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս շպրտված։ 29Եվ արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից կգան, Աստծու արքայության սեղանին կնստեն։ 30Եվ ահա այդ ժամանակ վերջինները առաջիններ կլինեն, և առաջինները՝ վերջիններ»։
Աղվես Հերովդեսը
31Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան ու նրան ասացին. «Ե՛լ և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ 32Եվ նրանց ասաց. «Գնացեք այն աղվեսին ասե՛ք, որ այսօր և վաղը դևեր եմ հանում և բժշկություններ կատարում և երրորդ օրը կավարտեմ։ 33Եվս երկու օր և երրորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև մարգարեն Երուսաղեմից դուրս չի սպանվի։
Ողբ Երուսաղեմի
(Մտթ. 23.37-39)
34Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ՝ մարգարեներին կոտորող ու քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող. քանի՜ անգամ ցանկացա քո որդիներին հավաքել, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց չկամեցաք։ 35Ահա ձեր տունը կավերվի, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այլևս ինձ չեք տեսնի, մինչև ժամանակը գա, որ ասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" (Սաղ. 118.26)»։

Արդեն Ընտրված.

Ղուկաս 13: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք