Ղուկաս 20

20
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մտթ. 21.23-27, Մրկ. 11.27-33)
1Այդ օրերին, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և քարոզում, մի օր քահանայապետներն ու դպիրները երեցների հետ միասին վրա հասան 2և նրան ասացին. «Ասա՛ մեզ, այդ բաներն ի՞նչ իշխանությամբ ես անում, կամ ո՞վ է քեզ այդ իշխանությունը տվողը»։ 3Եվ նա պատասխանեց նրանց ու ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, ու ինձ ասացե՛ք. 4Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ 5Նրանք իրար մեջ խորհուրդ արեցին ու ասացին. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ "Հապա ինչո՞ւ նրան չհավատացիք", 6իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև համոզված է, որ Հովհաննեսը մարգարե է»։ 7Եվ պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղի՛ց է։ 8Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում»։
Չար մշակների առակը
(Մտթ. 21.33-46, Մրկ. 12.1-11)
9Եվ սկսեց ժողովրդին այս առակն ասել. «Մի մարդ այգի տնկեց, այն մշակներին տվեց ու ինքը երկար ժամանակով օտարության գնաց։ 10Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ այգու պտղից իրեն տան. բայց մշակները նրան ծեծեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ 11Դարձյալ մի ուրիշ ծառայի ևս ուղարկեց. նրանք սրան էլ ծեծեցին, անարգեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ 12Եվ դարձյալ մի երրորդի էլ ուղարկեց. նրանք սրան էլ վիրավորելով դուրս հանեցին։ 13Այգու տերն ասաց. "Ի՞նչ անեմ. իմ սիրելի որդուն ուղարկեմ, գուցե նրան տեսնելով՝ ամաչեն"։ 14Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. "Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի"։ 15Եվ այգուց դուրս հանեցին նրան ու սպանեցին։ Արդ այգու տերը ի՞նչ կանի նրանց։ 16Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։ 17Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ, ի՞նչ են նշանակում գրված հետևյալ խոսքերը.
"Այն քարը, որ շինարարներն արհամարհեցին,
անկյունաքար դարձավ" (Սաղ. 118.22)։
18Այս քարի վրա ամեն ընկնող կփշրվի, և ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի»։ 19Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց։
Կայսրին տրվելիք տուրքը
(Մտթ. 22.15-22, Մրկ. 12.12-17)
20Եվ դարանամուտ լինելով՝ լրտեսներ ուղարկեցին, որոնք արդար էին ձևանում, որպեսզի նրան խոսքով բռնեին՝ նրան կուսակալի իշխանությանը մատնելու համար։ 21Եվ նրան հարցրին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ շիտակ ես խոսում ու ուսուցանում և երեսպաշտություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ 22Օրինավո՞ր է մեզ կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ 23Նրանց խորամանկությունը հասկանալով՝ նրանց ասաց. 24«Ցո՛ւյց տվեք ինձ դինարը։ Ո՞ւմ պատկերն ու գիրն ունի սա»։ Պատասխանեցին. «Կայսրի»։ 25Եվ նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 26Եվ չկարողացան ժողովրդի առաջ նրան խոսքով բռնել ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ լռեցին։
Հարց մեռելների հարության մասին
(Մտթ. 22.23-33, Մրկ. 12.18-27)
27Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակվում են՝ ասելով, թե հարություն գոյություն չունի, նրան հարցրին 28ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ գրել է. "Եթե մեկի կին ունեցող եղբայրն անզավակ մեռնի, նրա եղբայրը թող այդ կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի" (Բ Օր. 25.5)։ 29Արդ, յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու առանց զավակի մեռավ։ 30Եվ երկրորդն առավ այն կնոջը, նա էլ առանց զավակի մեռավ։ 31Երրորդն էլ նրան առավ. այսպես այն յոթն էլ զավակներ չթողեցին ու մեռան։ 32Վերջում այն կինն էլ մեռավ։ 33Արդ հարության ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի. չէ՞ որ այն յոթն էլ նրան կին առան»։ 34Եվ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Այս աշխարհի մարդիկ են կին առնում ու մարդու գնում։ 35Իսկ նրանք, որոնք արժանի կլինեն մեռելներից հարություն առնելու և նոր աշխարհում ապրելու, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան։ 36Եվ ոչ էլ կարող են մեռնել, որովհետև հրեշտակների նման են ու Աստծու որդիներ են, քանզի հարության որդիներն են։ 37Իսկ որ մեռելները հարություն կառնեն, Մովսեսն էլ մորենու դրվագի մեջ ցույց տվեց, ինչպես որ Տիրոջ մասին ասաց. "Աբրահամի Աստված և Իսահակի Աստված և Հակոբի Աստված" (Ելք 3.6)։ 38Իսկ Աստված մեռելներինը չէ, այլ ողջերինը, որովհետև նրա համար բոլորն էլ ողջ են»։ 39Դպիրներից ոմանք ասացին. «Վարդապե՛տ, լա՛վ ասացիր»։ 40Եվ այլևս չէին համարձակվում նրան ոչ մի բան հարցնել։
Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի
(Մտթ. 22.41-46, Մրկ. 12.35-37)
41Հիսուսը նրանց ասաց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է, 42քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է.
"Տերն իմ Տիրոջն ասաց.
"Իմ աջ կո՛ղմը նստիր,
43 մինչև որ քո թշնամիներին
ոտքերիդ պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։
44Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ապա ինչպե՞ս նրա որդին կլինի»։
Դպիրների դատապարտումը
(Մտթ. 23.1-36, Մրկ. 12.38-40)
45Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր, իր աշակերտներին ասաց. 46«Զգուշացե՛ք դպիրներից, որոնք ցանկանում են փառավոր պատմուճաններով շրջել ու սիրում են հրապարակներում ողջույններ ստանալը, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ առաջին տեղերը, 47որոնք այրիների ունեցվածքն են լափում, ցուցադրաբար երկար աղոթք են անում. նրանք ավելի խիստ են դատապարտվելու»։

Արդեն Ընտրված.

Ղուկաս 20: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք