Ղուկաս 9:10-17

Ղուկաս 9:10-17 ՆՎԱԱ

Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա, նրանց վերցնելով, առանձնացավ մի ամայի տեղ՝ մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։ Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Օրն սկսեց տարաժամել. տասներկուսը մոտեցան ու նրան ասացին. «Այդ ժողովրդին արձակի՛ր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն և ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Սակայն նրանց ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք, այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։ Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։ Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին։ Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս-մաս արեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Բոլորն էլ կերան ու հագեցան, և ավելացած կտորտանքներից տասներկու քթոց հավաքեցին։