Մատթեոս 17
17
Հիսուսի պայծառակերպությունը
(Մրկ. 9.2-13, Ղուկ. 9.28-36)
1Վեց օր հետո Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ վերցրեց և նրանց առանձին մի բարձր լեռ հանեց։ 2Եվ նրանց առաջ այլակերպվեց. նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ 3Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ 4Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ 5Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ 6Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ 7Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։ 8Նրանք աչքերը բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։
9Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ 10Աշակերտները նրան հարցրին. «Արդ դպիրներն ինչո՞ւ են ասում, թե նախ Եղիան պետք է գա»։ 11Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Նախ Եղիան կգա և ամեն ինչ կվերահաստատի։ 12Սակայն ես ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն եկել է, բայց նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես կամեցան։ Այդպես էլ Մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու»։ 13Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին էր ասում իրենց։
Դիվահար տղայի բժշկումը
(Մրկ. 9.14-29, Ղուկ. 9.37-44)
14Երբ նրանք ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ, ծնկի իջավ և ասաց. 15«Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։ 16Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրան չկարողացան բժշկել»։ 17Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ո՛վ անհավատ ու մոլորյալ սերունդ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչև ե՞րբ պետք է ձեզ հանդուրժեմ։ Նրան ինձ մոտ՝ այստե՛ղ բերեք»։ 18Հիսուսը նրան սաստեց, և դևը նրա միջից դուրս ելավ, ու տղան նույն պահին բժշկվեց։ 19Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին և ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»։ 20Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ "Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր", այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի։ 21Բայց այս դիվային սերունդն այլ կերպ դուրս չի գալիս, եթե ոչ աղոթքով ու ծոմով»#17.21 Հին հուն. այս համարը չունի։։
Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 9.30-32, Ղուկ. 9.44բ-45)
22Երբ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսը նրանց ասաց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։ 23Նրան սպանելու են, և երրորդ օրը նա հարություն է առնելու»։ Եվ նրանք շատ տրտմեցին։
Տաճարի տուրքի վճարումը
24Երբ նրանք Կափառնաում եկան, երկդրամյան տուրք հավաքողները մոտեցան Պետրոսին և ասացին. «Ձեր վարդապետը երկդրամյանը չի՞ վճարում»։ 25Նա ասաց. «Այո՛, վճարում է»։ Երբ նա տուն մտավ, Հիսուսը նրան կանխեց և ասաց. «Քեզ ի՞նչ է թվում, Սիմո՛ն, երկրի թագավորներն ումի՞ց են հարկը կամ տուրքը վերցնում՝ իրենց զավակների՞ց, թե՞ օտարներից»։ 26Երբ Պետրոսը նրան պատասխանեց՝ օտարներից, Հիսուսը նրան ասաց. «Ուրեմն որդիներն ազատ են։ 27Բայց որպեսզի նրանց չգայթակղեցնենք, գնա՛ լիճ, կա՛րթ գցիր և դուրս եկած առաջին ձուկը վերցրո՛ւ, բերանը բա՛ց արա և մի սատեր կգտնես։ Վերցրո՛ւ այն և նրա՛նց տուր իմ ու քո տեղը»։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 17: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018