Մատթեոս 2

2
Մոգերի երկրպագությունը
1Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 2և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նոր ծնված թագավորը, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։ 3Երբ Հերովդես թագավորը լսեց, վրդովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4Նա, իր մոտ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին, հարցրեց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 5Նրանք պատասխանեցին. «Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև մարգարեի կողմից այսպես է գրված.
6 "Եվ դու, Բեթղեհե՛մ,
Հուդայի՛ երկիր, բնավ ամենափոքրը չես Հուդայի իշխանների մեջ,
քանի որ քեզանից իշխան պիտի ելնի,
որը հովվելու է իմ ժողովրդին՝ Իսրայելին" (Միք. 5.2)»։
7Այդ ժամանակ Հերովդեսը, գաղտնի կանչելով մոգերին, նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8Ապա նրանց Բեթլեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք երեխայի մասին և երբ գտնեք, հայտնե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ երկրպագեմ նրան»։ 9Նրանք թագավորին լսելուց հետո գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ և կանգնեց այն տեղի վրա, որտեղ երեխան էր։ 10Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։ 11Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ և գետնին ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Եվ բացեցին իրենց գանձերը, նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12Նրանք, երազում Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով, ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
Փախուստ Եգիպտոս
13Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտեղ մնա՛, մինչև քեզ ասեմ, որովհետև Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի»։ 14Հովսեփը վեր կացավ, գիշերով վերցրեց երեխային ու նրա մորը և մեկնեց Եգիպտոս։ 15Նա այնտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսից իմ որդուն կանչեցի» (Ովս. 11.1)։
Բեթլեհեմի մանուկների կոտորածը
16Այդ ժամանակ Հերովդեսը, տեսնելով, որ մոգերից խաբվել է, խիստ զայրացավ։ Նա մարդ ուղարկեց՝ կոտորելու Բեթլեհեմում և նրա սահմաններում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր երեխաներին՝ ըստ այն ժամանակի, որ ճշտել էր մոգերից։ 17Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.
18 «Ռամայում ձայն լսվեց,
ողբ ու սաստիկ լացուկոծ.
Ռաքելը լալիս էր իր զավակների վրա
ու չէր ուզում մխիթարվել, որովհետև նրանք չկային» (Երմ. 31.15)։
Վերադարձ Եգիպտոսից
19Երբ Հերովդեսը մեռավ, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ հայտնվեց Հովսեփին 20ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքն առնել ցանկացողները մեռել են»։ 21Հովսեփը վեր կացավ, վերցրեց երեխային ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը։ 22Երբ լսեց, որ Հրեաստանի վրա Արքեղայոսն է թագավորում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազում հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ 23Եվ եկավ բնակվելու Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների միջոցով ասվածը, թե Նազովրեցի է կոչվելու։

Արդեն Ընտրված.

Մատթեոս 2: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք