Մատթեոս 24
24
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մրկ. 13.1-2, Ղուկ. 21.5-6)
1Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ 2Հիսուսը նրանց ասաց. «Տեսնո՞ւմ եք այդ ամենը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի»։
3Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։
Տառապանքներ և հալածանքներ
(Մրկ. 13.3-13, Ղուկ. 21.7-19)
4Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, 5որովհետև շատերն իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ 6Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ 7Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ 8Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։
9Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ 10Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ 11Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ 12Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ 13Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ 14Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։
Մեծ սրբապղծությունը
(Մրկ. 13.14-23, Ղուկ. 21.20-24)
15Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝#24.15 Կամ տաճարի սրբապղծումը և ավերումը։ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա), 16այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, 17ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու, 18ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։ 19Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այն օրերին։ 20Աղոթե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ 21Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ 22Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։ 23Այդ ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ "Քրիստոսն ահա այստեղ է կամ այնտեղ", չհավատաք։ 24Որովհետև ելնելու են սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն։ 25Ահա նախապես ձեզ ասացի։ 26Արդ, եթե ձեզ ասեն՝ "Ահա անապատում է", չելնեք, "Ահա մառանում է", չհավատաք։ 27Որովհետև ինչպես որ կայծակն է արևելքից ելնում ու մինչև արևմուտք երևում, այնպես էլ Մարդու Որդու գալուստն է լինելու. 28որտեղ դիակն է, արծիվներն այնտեղ են հավաքվում։
Մարդու Որդու գալուստը
(Մրկ. 13.24-27, Ղուկ. 21.25-28)
29Նեղության այդ օրերից հետո
արեգակն իսկույն կխավարի,
լուսինն էլ իր լույսը չի տա.
աստղերը երկնքից կընկնեն,
ու երկնքի զորությունները կշարժվեն։
30Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 26.64բ), զորությամբ ու մեծ փառքով։ 31Եվ նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը։
Թզենու դասը
(Մրկ. 13.28-31, Ղուկ. 21.29-33)
32Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ 33Այդպես էլ դուք. երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ վերջը դռների մոտ է։ 34Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ 35Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Օրը և ժամը ոչ ոք չգիտի
(Մրկ. 13.32-37, Ղուկ. 21.34-36)
36Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 37Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ 38Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, 39և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու։
40Այդ ժամանակ արտում երկու հոգի կլինեն. նրանցից մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։ 41Եվ եթե մի ջրաղացում երկու կին աղալիս լինեն, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի։
42Արդ արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը ո՛ր ժամին կգա։ 43Բայց սա իմացե՛ք, որ եթե տան տերն իմանար, թե գողը ո՛ր պահին է գալու, արթուն կմնար ու թույլ չէր տա, որ իր տուն սողոսկեր։ 44Դրա համար դո՛ւք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ դուք չեք սպասի։
Հավատարիմ և չար ծառաները
(Ղուկ. 12.41-48)
45Ո՞վ է արդյոք այն հավատարիմ ու իմաստուն ծառան, որին իր տերը ծառաների վրա կարգեց, որպեսզի ժամանակին նրանց կերակուր տա։
46Երանի՜ այն ծառային, որի տերը երբ գա, նրան այդպես անելիս կգտնի։ 47Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան իր ողջ ունեցվածքի վրա կկարգի։ 48Բայց եթե այդ ծառան չար լինի և իր մտքում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", 49և սկսի իր ծառայակիցներին ծեծել ու հարբեցողների հետ ուտել և խմել, 50այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում, այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի։ 51Եվ նրան մեջտեղից կկտրի ու նրա բաժինը կեղծավորների հետ կդնի։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։
Արդեն Ընտրված.
Մատթեոս 24: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018