ՄԻՔԻԱ 5
5
1Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։
Տերը խոստանում է Փրկիչ Բեթլեհեմից
2Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։ 3Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։ 4Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։
Ազատում և պատիժ
5Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց, 6և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։
7Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։ 8Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։ 9Ձեռքդ պիտի բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսոխները պիտի բնաջնջվեն։
10«Այդ օրը,- ասում է Տերը,- քո միջից բնաջինջ պիտի անեմ քո ձիերը և վերացնեմ քո մարտակառքերը. 11պիտի բնաջնջեմ քո երկրի քաղաքները և քանդեմ քո ամրոցները։ 12Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։ 13Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։ 14Եվ քո միջից պիտի կործանեմ քո աստարովթները և պիտի ավերեմ քո քաղաքները։ 15Եվ բարկությամբ ու զայրույթով վրեժ պիտի առնեմ այն ազգերից, որոնք չանսացին»։
Արդեն Ընտրված.
ՄԻՔԻԱ 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018