Մարկոս 12
12
Չար մշակների առակը
(Մտթ. 21.33-46, Ղուկ. 20.9-19)
1Հիսուսն սկսեց նրանց հետ առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց ու աշտարակ շինեց. այն տվեց մշակներին և ուրիշ երկիր գնաց։ 2Երբ ժամանակը եկավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ մշակներից այգու բերքից վերցնի։ 3Իսկ նրանք բռնեցին նրան, ծեծեցին ու դատարկաձեռն ուղարկեցին։ 4Դարձյալ մի ուրիշ ծառայի ուղարկեց նրանց մոտ, և քարկոծելով ջարդեցին նրա գլուխն ու անարգելով վռնդեցին#12.4 Հն. մի շարք ձեռ. չունեն քարկոծելով և վռնդեցին։։ 5Եվ նորից ուրիշի ուղարկեց. սրան էլ սպանեցին։ Եվ այդպես շատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում։ 6Նա մի սիրելի որդի ուներ, որին վերջում ուղարկեց նրանց մոտ ու ասաց. "Գուցե որդուցս ամաչեն"։ 7Բայց երբ մշակները տեսան, որ նա գալիս է, միմյանց ասացին. "Սա է ժառանգը. եկեք նրան սպանենք, և ժառանգությունը մերը կլինի"։ 8Եվ նրան բռնեցին, սպանեցին ու այգուց դուրս նետեցին։ 9Արդ այգու տերն ի՞նչ կանի. կգա ու մշակներին կորստյան կմատնի և այգին կտա ուրիշներին։ 10Եվ դուք այն գրվածը չե՞ք կարդացել.
"Այն քարը, որ շինարարները որպես անպիտան մերժեցին,
անկյունաքար եղավ"։
11Տերը դա արեց,
և մեր աչքերին սքանչելի է»։
Կայսրին տրվելիք հարկը
(Մտթ. 22.15-22, Ղուկ. 20.20-26)
12Եվ ուզում էին Հիսուսին բռնել, որովհետև հասկացան, որ այդ առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան, թողեցին նրան ու գնացին։
13Եվ փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանի հոգու նրա մոտ ուղարկեցին, որ խոսքով ծուղակը գցեն նրան։ 14Նրանք եկան ու նրան ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես, և ոչ ոք քեզ հոգ չէ, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա՛ մեզ, կայսրին հարկ տալն օրինավո՞ր է, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։ 15Իսկ նա, նրանց կեղծավորությունը հասկանալով, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում. ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»։ 16Եվ նրանք բերեցին։ Եվ նրանց հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ 17Այդժամ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Կայսրինը կայսրի՛ն տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։
Հարության մասին
(Մտթ. 22.23-33, Ղուկ. 20.27-40)
18Նրա մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա։ Նրան հարցրին ու ասացին. 19«Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է, որ եթե մեկի եղբայրը մեռնի ու կին թողնի, բայց զավակներ չթողնի, նրա եղբայրը թող կնության առնի նրա կնոջն ու իր եղբոր համար զավակ ապահովի (Բ Օր. 25.5)։ 20Ահա յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ ու մեռնելուց հետո զավակ չթողեց։ 21Երկրորդը նրան կնության առավ ու մեռավ, նա էլ զավակ չթողեց, նույն կերպ էլ երրորդը... 22Եվ այն յոթն էլ նրան կնության առան ու զավակ չթողեցին։ Իսկ բոլորից հետո կինը մեռավ։ 23Արդ, հարության ժամանակ, երբ հարություն առնեն, կինը նրանցից որի՞նը կլինի. որովհետև յոթն էլ նրան կնության էին առել»։ 24Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորության մեջ եք ընկել, որովհետև ո՛չ Սուրբ Գիրքը գիտեք, ո՛չ Աստծու զորությունը։ 25Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդու կգնան, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։ 26Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։ 27Նա մեռածների Աստվածը չէ, այլ ողջերի. ուրեմն դուք մեծ մոլորության մեջ եք գտնվում»։
Գլխավոր պատվիրանը
(Մտթ. 22.34-40, Ղուկ. 10.25-28)
28Դպիրներից մեկը, որ լսում էր նրանց վեճը և տեսավ, որ Հիսուսը սադուկեցիներին լավ պատասխանեց, մոտեցավ ու նրան հարցրեց. «Ո՞րն է ամենակարևոր պատվիրանը»։ 29Հիսուսը նրան պատասխանեց. «Առաջին և ամենակարևոր պատվիրանը սա է՝ "Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տերը՝ Աստված, միակ Տերն է։ 30Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ" (Բ Օր. 6.4-5)։ Սա է առաջին պատվիրանը։ 31Իսկ երկրորդը սրան նման է՝ "Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես" (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32Եվ դպիրը նրան ասաց. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարիտ ասացիր, որ Աստված մեկ է, նրանից բացի ուրիշը չկա։ 33Եվ որ նրան ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ էությամբ ու ամբողջ զորությամբ սիրելը և ընկերոջն իր անձի պես սիրելն առավել է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ 34Եվ Հիսուսը, տեսնելով, որ նա իմաստությամբ պատասխանեց, նրան ասաց. «Դու Աստծու արքայությունից հեռու չես»։ Ու ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Հիսուսը՝ Որդի և Տեր Դավթի
(Մտթ. 22.41-46, Ղուկ. 20.41-44)
35Երբ Հիսուսն ուսուցանում էր տաճարում, ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է։ 36Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է.
"Տերն իմ Տիրոջն ասաց.
"Իմ աջ կողմո՛ւմ նստիր,
մինչև որ քո թշնամիներին
ոտքերիդ պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։
37Արդ, եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, հապա ինչպե՞ս կարող է նրա որդին լինել»։ Եվ մեծ բազմությունը հաճույքով նրան էր լսում։
Հիսուսը դատապարտում է դպիրներին
(Մտթ. 23.1-36, Ղուկ. 20.45-47)
38Հիսուսն իր ուսուցման մեջ նրանց ասում էր. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնց դուր է գալիս փառավոր հագուստներով ման գալ ու հրապարակներում հարգալից ողջույններ ընդունել, 39ժողովարաններում առաջին աթոռները զբաղեցնել, ընթրիքներին՝ առաջին տեղերը։ 40Նրանք այրիների ունեցածն են ուտում ու ցուցադրաբար երկար աղոթք են անում։ Նրանք ավելի խիստ են պատժվելու»։
Այրի կնոջ լուման
(Ղուկ. 21.1-4)
41Հիսուսը, գանձանակի դիմաց նստած, նայում էր, թե ժողովուրդն ինչպե՛ս էր գանձանակի մեջ փող գցում։ Շատ հարուստներ մեծ գումար էին գցում։ 42Մի աղքատ այրի կին եկավ, երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ#12.42 Այսինքն՝ «քառորդ դրամ»։։ 43Այդժամ Հիսուսն աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները, 44որովհետև բոլորն իրենց ավելացածից գցեցին, մինչդեռ նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։
Արդեն Ընտրված.
Մարկոս 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018