ՆԵԵՄԻԱ 13:1-21

ՆԵԵՄԻԱ 13:1-21 ՆՎԱԱ

Այն օրը ժողովրդին լսելի կարդացվեց Մովսեսի գրքից, և նրանում գրված գտնվեց, որ ամմոնացի և մովաբացի հավիտյան չպիտի մտնի Աստծու ժողովրդի մեջ. որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։ Եվ երբ որ նրանք լսեցին օրենքը, Իսրայելից զատեցին ամբողջ խառնուրդը։ Իսկ սրանից առաջ մեր Աստծու տան սենյակի վերակացու Եղիասիբ քահանան՝ Տուբիայի ազգականը, նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։ Այս ամենի ժամանակ ես Երուսաղեմում չէի, որովհետև Բաբելոնի Արտաշես թագավորի երեսուներկուերորդ տարում ես գնացել էի թագավորի մոտ և մի քանի ժամանակից հետո կրկին հրաման ստացա թագավորից և եկա Երուսաղեմ ու իմացա Եղիասիբի արած չարությունը Տուբիայի նկատմամբ, որ նրա համար մի սենյակ էր շինել Աստծու տան գավթում։ Ես շատ զայրացա և այն սենյակից դուրս հանեցի Տուբիայի տան ամբողջ կահ-կարասին։ Եվ հրամայեցի, որ մաքրեն սենյակները, և դարձյալ այնտեղ տարա Աստծու տան անոթները և հացի ընծան ու կնդրուկը։ Նաև իմացա, որ ղևտացիների բաժինները չէին տրվել, և որ ղևտացիները և սպասավորություն անող երգիչները փախել էին իրենց ագարակները։ Եվ ես վիճեցի զորականների հետ ու ասացի. «Ինչո՞ւ է Աստծու տունը լքված», և ես ղևտացիներին հավաքեցի և հաստատեցի իրենց տեղում։ Եվ ամբողջ Հուդան գանձատուն բերեց ցորենի, գինու և ձեթի տասանորդը։ Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։ Ո՛վ Աստված իմ, հիշի՛ր ինձ սրա համար և մի՛ ջնջիր իմ բարեգործությունները, որ արեցի իմ Աստծու տան համար և նրա ծառայության մեջ։ Այն օրերին տեսա, որ Հրեաստանում շաբաթ օրը խաղող էին տրորում և խրձերը բերում, բեռնում էին էշերին, նաև գինի, խաղող ու թուզ և ամեն տեսակ բեռ, և շաբաթ օրը բերում էին Երուսաղեմ։ Եվ ես հանդիմանեցի նրանց իրենց ուտելիք ծախած օրը։ Եվ նրա մեջ բնակվող տյուրացիները ձուկ և ամեն տեսակ ապրանք էին բերում և շաբաթ օրը ծախում Հուդայի որդիներին և Երուսաղեմում։ Եվ ես վիճեցի Հուդայի ազնվականների հետ ու ասացի նրանց. «Սա ի՞նչ չար բան է, որ անում եք դուք և պղծում շաբաթ օրը։ Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։ Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։ Եվ վաճառականներն ու ամեն տեսակ ապրանք ծախողները մեկ-երկու անգամ գիշերը Երուսաղեմից դուրս մնացին։ Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթ օրն այլևս չեկան։