ԱՌԱԿՆԵՐ 4:1-13

ԱՌԱԿՆԵՐ 4:1-13 ՆՎԱԱ

Որդինե՛ր, հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որպեսզի ճանաչեք ըմբռնողությունը, Որովհետև ես ձեզ բարի ուսմունք եմ տալիս. իմ ուսուցումը մի՛ լքեք. Երբ ես իմ հոր որդին էի, փափուկ և սիրելի միամորիկ, Նա ինձ սովորեցնում և ասում էր. «Թող քո սիրտը փարվի իմ խոսքերին, պահի՛ր իմ պատվերները և կապրես։ Իմաստությո՛ւն ստացիր, ըմբռնողությո՛ւն ստացիր. մի՛ մոռացիր և մի՛ շեղվիր իմ բերանի խոսքերից։ Նրան մի՛ լքիր, և նա կպահի քեզ. սիրի՛ր նրան, և նա կպաշտպանի քեզ։ Գերագույնը իմաստությունն է. իմաստությո՛ւն ստացիր, և քո ամբողջ ունեցվածքի գնով ըմբռնողությո՛ւն ձեռք բեր։ Դու մեծարի՛ր իմաստությունը, և նա քեզ կբարձրացնի. նա քեզ կպատվի, երբ որ գրկես նրան։ Նա քո գլխի համար շնորհազարդ թագ կտա քեզ և փառքի պսակ կպարգևի քեզ»։ Լսի՛ր, որդյա՛կս, և ընդունի՛ր իմ խոսքերը, և քո կյանքի տարիները շատ կավելանան։ Իմաստության ճանապարհը քեզ սովորեցրի և քեզ առաջնորդեցի ուղղամտության ուղիների մեջ։ Գնալիս քո քայլերը արգելքի չպիտի հանդիպեն, և վազելիս չպիտի սայթաքես։ Պինդ բռնի՛ր խրատը, մի՛ թող. պահի՛ր այն, որովհետև նա քո կյանքն է։