ԱՌԱԿՆԵՐ 8

8
Իմաստության գովեստ
1Իմաստությունն ահա կանչում է, և խոհեմությունը#8.1 Բռց. հանճար։ ձայն է տալիս։
2Բարձունքների գլխին, փողոցների վրա, ճանապարհների խաչմերուկում կանգնած է։
3Քաղաքի մուտքի դարպասների մոտ՝ դռների մուտքին, աղաղակում է.
4«Ձեզ եմ կանչում, ո՛վ մարդիկ. իմ ձայնը մարդկանց որդիներին է ուղղված։
5Ո՛վ միամիտներ, խորագիտությո՛ւն սովորեցեք, և ո՛վ անմիտներ, իմացությո՛ւն ունեցեք։
6Լսեցե՛ք, որովհետև ազնիվ բաներ եմ խոսելու. իմ շրթունքներից ուղիղ խոսքեր են դուրս գալու,
7Որովհետև իմ լեզուն ճշմարտությունն է ասելու, և իմ շրթունքների համար անիրավությունը զզվելի է։
8Բերանիս բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։
9Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։
10Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։
11Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան»։
12Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։
13Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։
14Իմն են խորհուրդն ու ողջամտությունը. ես եմ ըմբռնումը, զորությունն իմն է։
15Թագավորներն ինձանով են թագավորում, իշխանավորները՝ արդարության կանոններ հաստատում։
16Ինձանով են իշխում իշխանները, ազնվականներն ու աշխարհի բոլոր արդար դատավորները։
17Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։
18Ինձ մոտ են հարստությունն ու պատիվը, մնայուն ստացվածքն ու արդարությունը։
19Իմ պտուղն ընտիր ոսկուց լավ է, մաքուր ոսկուց, իմ բերքը՝ ընտիր արծաթից։
20Ես քայլում եմ արդարության ուղու մեջ և իրավունքի շավիղներում,
21Որպեսզի ինձ սիրողներին հարստություն ժառանգեմ և նրանց գանձարանները լցնեմ։
22Տերն ինձ ստեղծեց#8.22 Բռց. ուներ։ իր ճանապարհի սկզբին, իր վաղեմի գործերից առաջ։
23Հավիտենությունից առաջ եմ ես հաստատվել,#8.23 Կամ օծվել եմ։ սկզբից, երկրի սկզբնավորումից առաջ։
24Անդունդները չեղած՝ ծնվել եմ, ջրառատ աղբյուրները չեղած։
25Սարերի հաստատումից առաջ, բլուրներից առաջ եմ ծնվել ես։
26Նա դեռ չէր ստեղծել երկիրը, դաշտերը և աշխարհի սկզբնական շամանդաղները։
27Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում,
28Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները,
29Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։
30Այն ժամանակ ես նրա մոտ ճարտարապետ էի և նրա ուրախությունն էի ամեն օր՝ մշտապես զվարճանալով նրա առաջ։
31Ուրախանում էի նրա բնակեցված երկրի վրա, և իմ ցնծությունը մարդկանց որդիների հետ էր։
32Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ, և երանի՜ նրանց, որ պահում են իմ ճանապարհները։
33Խրա՛տ լսեցեք և իմաստո՛ւն եղեք ու մի՛ անտեսեք։
34Երանի՜ այն մարդուն, որ լսում է ինձ, ամեն օր հսկում է իմ դռների մոտ և պահպանում է իմ դրանդիների մուտքերը։
35Որովհետև ինձ գտնողը կյանք է գտել և Տիրոջից բարեհաճություն կստանա։
36Սակայն իմ դեմ մեղանչողը իր հոգուն վնաս կտա, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք