ՍԱՂՄՈՍՆԵՐ 107
107
Աստծու բարության փառաբանությունը
1Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
2Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.
3Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.
4Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում.
5Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ.
6Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից
7Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։
8Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին.
9Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
10Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված,
11Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.
12Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։
13Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։
14Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։
15Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին,
16Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։
17Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.
18Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։
19Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից.
20Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։
21Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։
22Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։
23Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ,
24Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։
25Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։
26Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից.
27Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։
28Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։
29Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։
30Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։
31Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։
32Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։
33Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։
34Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։
35Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։
36Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։
37Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։
38Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։
39Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։
40Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում,
41Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։
42Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։
43Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 107: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018