Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
Թող Իսրայելն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».
Ահարոնի տունն ասի. «Հավիտյան է նրա ողորմությունը».
Տիրոջից վախեցողներն ասեն. «Հավիտյան է նրա ողորմությունը»։
Նեղության մեջ կանչեցի Տիրոջը. Տերն ինձ լսեց և ընդարձակ տեղ հանեց։
Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում. մարդն ինձ ի՞նչ է անելու։
Տերն ինձ հետ է իմ օգնականներով, և ես պիտի նայեմ իմ թշնամիներին։
Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե մարդկանց ապավինել։
Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան թե իշխաններին ապավինել։
Բոլոր հեթանոսները պաշարեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
Ամեն կողմից շրջապատեցին ինձ, բայց ես Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
Մեղուների պես շրջապատեցին ինձ, հանգան ինչպես փշերի կրակ, բայց Տիրոջ անվամբ պիտի ջարդեմ նրանց։
Ուժեղ զարկեցիր ինձ, որ ցած ընկնեմ, բայց Տերն ինձ օգնեց։
Տերն իմ զորությունը և իմ սաղմոսն է. նա փրկություն եղավ ինձ համար։
Ցնծության և փրկության ձայն կա արդարների վրաններում. Տիրոջ աջը զորություն է գործում։
Տիրոջ աջը բարձր է. Տիրոջ աջը զորություն է գործում։
Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։
Տերը խիստ խրատեց ինձ, բայց ինձ մահվան չմատնեց։
Ինձ համար բացե՛ք արդարության դռները, որ մտնեմ նրանց մեջ և գոհանամ Տիրոջից։
Այս դուռը Տիրոջն է. արդարները սրանով պիտի մտնեն։
Գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր և փրկություն եղար ինձ համար։
Այն քարը, որ շինարարներն անարգեցին, նա դարձավ անկյունաքար։
Տիրոջից եղավ այս բանը, զարմանալի է թվում մեր աչքին։
Սա այն օրն է, որ Տերն արարեց. թող ցնծանք և ուրախ լինենք նրանում։
Օ՜, Տե՛ր, փրկի՛ր, օ՜, Տե՛ր, հաջողությո՛ւն տուր։
Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անվամբ. օրհնում ենք ձեզ Տիրոջ տնից։
Տերն է Աստվածը և լույս է ցույց տալիս մեզ. մատաղները կապեցե՛ք չվաններով, տարե՛ք մինչև սեղանի եղջյուրները։
Դու ես իմ Աստվածը, և ես գոհանում եմ քեզնից, ո՛վ իմ Աստված, ես պիտի պանծացնեմ քեզ։
Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։