ՍԱՂՄՈՍՆԵՐ 119
119
Աստծու օրենքը
Ալեֆ
1Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։
2Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։
3Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։
4Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։
5Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։
6Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։
7Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։
8Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։
Հնազանդություն Տիրոջ օրենքին
Բեթ
9Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։
10Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։
11Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։
12Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։
13Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։
14Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։
15Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։
16Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։
Երջանկություն Տիրոջ օրենքի մեջ
Գիմել
17Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։
18Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։
19Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։
20Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։
21Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։
22Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։
23Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։
24Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։
Տիրոջ օրենքին հնազանդության սահմանում
Դալեթ
25Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։
26Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։
27Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։
28Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։
29Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։
30Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։
31Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։
32Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։
Հասկացողության աղոթք
Հե
33Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։
34Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։
35Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։
36Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։
37Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։
38Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։
39Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։
40Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։
Վստահություն Տիրոջ օրենքի հանդեպ
Վավ
41Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։
42Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։
43Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։
44Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։
45Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։
46Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։
47Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։
48Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։
Ապահովություն Տիրոջ օրենքի մեջ
Զային
49Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։
50Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։
51Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։
52Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։
53Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։
54Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։
55Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։
56Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։
Նվիրում Տիրոջ օրենքին
Խեթ
57Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։
58Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։
59Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։
60Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։
61Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
62Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։
63Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։
64Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
Տիրոջ օրենքի արժեքը
Թեթ
65Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։
66Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։
67Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։
68Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
69Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։
70Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։
71Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։
72Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։
Տիրոջ օրենքի արդարությունը
Եոթ
73Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։
74Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։
75Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։
76Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։
77Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։
78Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։
79Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։
80Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։
Աղոթք փրկության համար
Քաֆ
81Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
82Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
83Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։
84Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։
85Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։
86Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։
87Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։
88Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։
Հավատարմություն Տիրոջ օրենքին
Լամեդ
89Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։
90Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։
91Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։
92Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։
93Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։
94Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։
95Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։
96Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։
Սեր՝ Տիրոջ օրենքի հանդեպ
Մեմ
97Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։
98Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։
99Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։
100Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։
101Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։
102Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։
103Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։
104Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։
Լույս՝ Տիրոջ օրենքից
Նուն
105Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։
106Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։
107Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։
108Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։
109Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
110Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։
111Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։
112Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։
Տիրոջ օրենքի մեջ ապահովություն
Սամեխ
113Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։
114Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
115Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։
116Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։
117Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։
118Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։
119Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։
120Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։
Հնազանդություն Տիրոջ օրենքին
Ային
121Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։
123Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։
124Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
125Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։
126Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։
127Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։
128Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։
Տիրոջ օրենքին հնազանդվելու փափագ
Փե
129Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։
130Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։
131Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։
132Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։
133Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։
134Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։
135Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
136Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։
Տիրոջ օրենքի արդարությունը
Ցադե
137Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։
138Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։
139Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։
140Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։
141Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։
142Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։
143Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։
144Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։
Աղոթք ազատության համար
Քոֆ
145Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։
146Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։
147Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
148Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։
149Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
150Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։
151Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։
152Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։
Օգնության աղերս
Րեշ
153Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։
154Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
155Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։
156Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
157Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։
158Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։
159Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
160Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։
Ընծայում Տիրոջ օրենքին
Շին
161Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։
162Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։
163Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։
164Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։
165Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։
166Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։
167Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։
168Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։
Աղոթք օգնության համար
Թավ
169Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։
170Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։
171Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։
172Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
173Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։
174Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։
175Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։
176Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 119: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018