ՍԱՂՄՈՍՆԵՐ 145
145
Փառաբանության երգ
Դավթի օրհնաբանություն։
1Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։
2Ամեն օր պիտի օրհնեմ քեզ և քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։
3Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։
4Սերունդը սերնդին պիտի գովի քո գործերը, և պիտի պատմեն քո զորությունները։
5Քո փառավոր մեծության գեղեցկության մասին և քո հրաշալի գործերի մասին պիտի ես մտածեմ։
6Քո ահավոր զորության մասին պիտի խոսեն, և ես պիտի պատմեմ քո մեծությունը։
7Քո մեծ բարության հիշատակը պիտի հրապարակեն և ցնծությամբ պիտի պատմեն քո մեծության մասին։
8Ողորմած և գթած է Տերը, համբերատար է և բազումողորմ։
9Բարի է Տերը բոլորի համար, և նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։
10Տե՛ր, քո բոլոր գործերը քեզ պիտի գովաբանեն, և քո սրբերը պիտի օրհնեն քեզ։
11Քո թագավորության փառքի մասին պիտի խոսեն և պիտի պատմեն քո զորությունները,
12Որպեսզի մարդկանց որդիներին իմացնեն նրա զորությունները և նրա թագավորության փառավոր մեծությունը։
13Քո թագավորությունը հավիտենական թագավորությունն է, և քո իշխանությունը՝ սերնդից սերունդ։
14Տերը հաստատ է պահում ցած ընկնողներին և կանգնեցնում է բոլոր կռացածներին։
15Բոլորի աչքերը քեզ են սպասում, և դու նրանց կերակուրը տալիս ես իրենց ժամանակին։
16Դու բացում ես քո ձեռքը և հաճությամբ կշտացնում ես ամեն կենդանու։
17Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում։
18Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։
19Նա կատարում է իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց։
20Տերը պահում է բոլոր իրեն սիրողներին, բայց պիտի կորցնի բոլոր ամբարիշտներին։
21Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 145: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018