ՍԱՂՄՈՍՆԵՐ 148
148
Աստծուն փառավորելու տիեզերական կոչ
Ալելուիա։
1Օրհներգեցե՛ք Տիրոջը երկնքից. օրհներգեցե՛ք նրան բարձունքներից։
2Օրհներգեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, ո՛վ նրա բոլոր զորքեր։
3Օրհներգեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհներգեցե՛ք նրան, բոլոր լուսավո՛ր աստղեր։
4Օրհներգեցե՛ք նրան, երկինքների երկինքնե՛ր, և դուք, ջրե՛ր, որ երկնքի վրա եք։
5Թող օրհնեն Տիրոջ անունը, որովհետև նա հրամայեց, և նրանք ստեղծվեցին։
6Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։
7Օրհներգեցե՛ք Տիրոջը երկրից, ո՛վ վիշապներ և բոլոր անդունդներ.
8Կրակ և կարկո՛ւտ, ձյուն և ծո՛ւխ, մրրկահո՛ղմ, դուք, որ կատարում եք նրա խոսքը,
9Լեռնե՛ր և բոլոր բլուրնե՛ր, պտղաբե՛ր ծառեր և բոլոր մայրի՛ ծառեր,
10Կենդանինե՛ր, բոլոր անասուննե՛ր, սողուննե՛ր և թևավո՛ր թռչուններ,
11Երկրի թագավորնե՛ր և բոլոր ազգե՛ր, իշխաննե՛ր և երկրի բոլոր դատավորնե՛ր,
12Երիտասարդնե՛ր և աղջիկնե՛ր, ծերե՛ր և նրանց հետ՝ տղանե՛ր.
13Թող օրհներգեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունն է բարձր. նրա փառքն է վեր երկնքից և երկրից։
14Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի, Իսրայելի որդիների՝ իրեն մոտիկ ժողովրդի օրհներգությունը։ Ալելուիա՜։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 148: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018