Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ։ Չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինն ուտեն. իմ հակառակորդներն ու թշնամիները սահում և վայր են ընկնում։ Եթե զորաբանակ էլ գա իմ դեմ, իմ սիրտը չպիտի վախենա. եթե պատերազմ էլ վեր կենա իմ դեմ, ես դարձյալ կատարելապես վստահ կզգամ ինձ։ Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդածեմ։ Որովհետև չար օրը նա ինձ ծածկում է իր բնակարանում, նա թաքցնում է ինձ իր վրանի ծածուկ տեղում և ինձ բարձրացնում է վեմի վրա։ Հիմա իմ գլուխը պիտի բարձրանա իմ թշնամիների դեմ, որոնք կան իմ չորս կողմում, և նրա վրանի մեջ գոհության զոհեր պիտի մատուցեմ, պիտի երգեմ և սաղմոս ասեմ Տիրոջը։ Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, երբ կանչեմ. ողորմի՛ր ինձ և պատասխա՛ն տուր ինձ։ Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը. «Փնտրեցե՛ք իմ երեսը». ահա, Տե՛ր, ես էլ փնտրում եմ քո երեսը։ Մի՛ ծածկիր ինձնից քո երեսը, մի՛ մերժիր ծառայիդ քո բարկությամբ. դու ես իմ օգնությունը. մի՛ հեռացրու ինձ և մի՛ լքիր ինձ, ո՛վ իմ փրկության Աստված։ Թեկուզև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ թշնամիների պատճառով։ Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։ Իսկ ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում։ Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 27
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 27:1-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր