ՍԱՂՄՈՍՆԵՐ 35

35
Աղոթք օգնության համար
Դավթի (սաղմոս)։
1Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։
2Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։
3Հանի՛ր գեղարդը և փակի՛ր ճանապարհն ինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։
4Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։
5Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածի նրանց։
6Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։
7Որովհետև զուր տեղը որոգայթ լարեցին ինձ բռնելու համար, զուր տեղը փոս փորեցին իմ անձի համար։
8Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։
9Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա նրա փրկությամբ։
10Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։
11Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։
12Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։
13Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։
14Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։
15Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։
16Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։
17Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։
18Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։
19Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։
20Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։
21Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։
22Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։
23Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։
24Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։
25Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց», թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։
26Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։
27Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։
28Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 35: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք