ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:1-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:1-12 ՆՎԱԱ

Ամբարիշտի անօրենության մասին իմ սրտի խոսքը սա է. «Աստծու վախը չկա նրա աչքի առաջ»։ Որովհետև ինքն իր աչքին քաղցր է թվում, որ օրինազանցությունը գտնի և այն ատի։ Նրա բերանի խոսքերն անօրենություն և նենգություն են։ Նա դադարել է իմաստուն լինելուց և բարի գործելուց։ Անօրենություն է մտածում իր անկողնում. կանգնած է այն ճանապարհի վրա, որ բարի չէ, և չի մերժում չարը։ Տե՛ր, քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և քո հավատարմությունը՝ մինչև ամպերը։ Քո արդարությունը Աստծու լեռների պես է, և քո իրավունքը՝ մեծ անդունդի պես. դու ես փրկում մարդկանց և անասուններին, Տե՛ր։ Ի՜նչ պատվական է քո ողորմությունը, ո՜վ Աստված, և մարդկանց որդիներն ապավինում են քո թևերի հովանուն։ Նրանք լիանում են քո տան առատությունից, և քո բերկրանքի գետից խմել ես տալիս նրանց, Որովհետև քեզ մոտ է կյանքի աղբյուրը, և քո լույսով ենք լույսը տեսնում։ Շարունակի՛ր քո ողորմությունը քեզ ճանաչողների համար և քո արդարությունը՝ սրտով ուղիղների համար։ Թող ամբարտավանի ոտքը չգա ինձ վրա, և ամբարիշտի ձեռքը ինձ տեղից չսասանի։ Այնտեղ վայր կընկնեն անօրենություն գործողները. դեն կգցվեն և այլևս չեն կարողանա վեր կենալ։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 36:1-12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր