Ո՜վ Տեր, քո բարկությամբ մի՛ հանդիմանիր ինձ և մի՛ խրատիր ինձ քո զայրույթով, Որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով. իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով։ Որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան. մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Խոցերս հոտում ու փտում են իմ հիմարության պատճառով։ Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր։ Որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ, և առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եմ և սաստիկ փշրված. հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։ Ո՜վ Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզնից։ Սիրտս դողում է. իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։ Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում, և անօրենություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։ Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։ Ես եղա այն մարդու նման, որը չի լսում, և որի բերանում պատասխան չկա։ Որովհետև ես ապավինում եմ քեզ, Տե՛ր, դու պիտի պատասխան տաս, ո՜վ Տեր իմ Աստված։ Որովհետև ես ասացի. «Թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան»։ Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։ Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։ Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։ Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։ Մի՛ լքիր ինձ, ո՜վ Տեր իմ Աստված, մի՛ հեռացիր ինձնից։ Շո՛ւտ արա, որ ինձ օգնես, ո՜վ Տեր, իմ Փրկի՛չ։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 38
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 38:1-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր