ՍԱՂՄՈՍՆԵՐ 59:1-16

ՍԱՂՄՈՍՆԵՐ 59:1-16 ՆՎԱԱ

Փրկի՛ր ինձ իմ թշնամիներից, Աստվա՛ծ իմ, ապրեցրո՛ւ ինձ նրանցից, որ կանգնել են իմ դեմ։ Փրկի՛ր ինձ անօրենություն գործողներից և արյունահեղ մարդկանցից ազատի՛ր ինձ. Որովհետև ահա թաքուն սպասում են, որ բռնեն ինձ. զորեղները հավաքվում են իմ դեմ, բայց ես ո՛չ անօրենություն եմ գործել և ո՛չ էլ մեղք, ո՜վ Տեր։ Անօրենություն չեմ գործել, բայց վազում են ինձ վրա և պատրաստվում. զարթնի՛ր, որ առջևս գաս, և տե՛ս։ Իսկ դու, ո՜վ Տեր, Զորությունների՛ Աստված, Իսրայելի՛ Աստված, վե՛ր կաց, որ այցելես բոլոր հեթանոսներին. և մի՛ ողորմիր ոչ մեկի, որ անօրենություն է գործում։ (Սելա)։ Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում են քաղաքում։ Ահա վայրահաչ խոսում են իրենց բերանով. սրեր կան նրանց շրթունքների մեջ, որովհետև ասում են. «Ո՞վ պիտի լսի»։ Բայց դու, Տե՛ր, պիտի ծիծաղես նրանց վրա և պիտի ծաղրես այդ բոլոր հեթանոսներին։ Ո՛վ իմ զորություն, ես քեզ եմ նայում, որովհետև Աստված է իմ ապավենը։ Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։ Մի՛ սպանիր նրանց, որ իմ ժողովուրդը չմոռանա. ցիր ու ցա՛ն արա նրանց քո զորությամբ և ցա՛ծ գցիր նրանց, ո՜վ Տեր՝ մեր վահանը։ Թող նրանք բռնվեն իրենց ամբարտավանության մեջ՝ իրենց բերանի մեղքերի համար և իրենց շրթունքների խոսքերի համար և այն անեծքի ու սուտ խոսքերի համար, որ պատմում են։ Բարկությամբ սատկեցրո՛ւ նրանց, սատկեցրո՛ւ, որ չքանան և գիտենան, որ Աստված տիրում է Հակոբի երկրին՝ մինչև նրա ծայրերը։ Երեկոյան վերադառնում են և ոռնում շան պես և պտտվում քաղաքում։ Նրանք թափառում են ուտելու համար. և եթե չեն կշտանում, տրտնջում են։ Բայց ես պիտի օրհնեմ քո զորությունը և առավոտից պիտի փառաբանեմ քո ողորմությունը, որովհետև դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը։