ՍԱՂՄՈՍՆԵՐ 73

73
Աստծու արդարությունը
Ասափի սաղմոս։
1Հիրավի, Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։
2Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։
3Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով,
4Որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է։
5Նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։
6Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։
7Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում։
8Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։
9Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։
10Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար։
11Եվ ասում են. «Աստված ինչպե՞ս գիտի, և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ»։
12Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը։
13Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ
14Եվ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ։
15Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։
16Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ,
17Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։
18Հիրավի, դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։
19Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։
20Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։
21Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի,
22Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։
23Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։
24Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։
25Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։
26Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։
27Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
28Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 73: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք