Հայտնություն 12:1-17

Հայտնություն 12:1-17 ՆՎԱԱ

Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արևով պարուրված, լուսինն էլ իր ոտքերի տակ և իր գլխին տասներկու աստղերով պսակ։ Նա, հղի լինելով, աղաղակում էր երկունքի ցավերից և տառապանքից, որ ծներ։ Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց. ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր, և նրա գլուխների վրա՝ յոթ թագ։ Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։ Եվ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի. նրա որդին հափշտակվեց Աստծու և նրա գահի մոտ։ Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն հազար երկու հարյուր վաթսուն օր։ Եվ երկնքում պատերազմ եղավ. Միքայելն ու իր հրեշտակները վիշապի դեմ պատերազմեցին։ Վիշապն ու իր հրեշտակները ևս պատերազմեցին, բայց չկարողացան դիմադրել, ոչ էլ նրանց համար երկնքում տեղ գտնվեց։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ դև և սատանա է կոչվում. ամբողջ աշխարհը մոլորեցնողը երկրի վրա ընկավ, և նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան։ Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին։ Եվ նրանք հաղթեցին նրան Գառան արյունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Դրա համար ուրախացե՛ք, ո՛վ երկինք և նրանում բնակվողներ։ Վա՜յ երկրին ու ծովին, որովհետև ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի՝ իմանալով, որ քիչ ժամանակ ունի»։ Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։ Եվ կնոջը արծվի երկու մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի՝ իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան՝ օձից հեռու։ Եվ օձն իր բերանից գետի պես ջուր թափեց կնոջ հետևից, որպեսզի նրան ընկղմի։ Բայց երկիրը կնոջն օգնեց. երկիրը բացեց իր բերանը և կուլ տվեց այն գետը, որ վիշապը թափել էր իր բերանից։ Վիշապը բարկացավ կնոջ վրա ու գնաց նրա մյուս զավակների դեմ պատերազմելու, որոնք պահում են Աստծու պատվիրանները և ունեն Հիսուսի վկայությունը։