Հայտնություն 7
7
Եկեղեցին որպես Աստծու ժողովուրդ
1Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և երկրի չորս քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ո՛չ էլ ծովի վրա, ո՛չ էլ մի ծառի վրա։ 2Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։ 3Եվ ասում էր. «Վնաս մի՛ տվեք երկրին, ո՛չ ծովին և ո՛չ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»։ 4Եվ կնքվածների թիվը լսեցի՝ հարյուր քառասունչորս հազար՝ կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։
5Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված,
Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար,
Գադի ցեղից՝ տասներկու հազար,
6Ասերի ցեղից՝ տասներկու հազար,
Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար,
Մանասեի ցեղից՝ տասներկու հազար,
7Շմավոնի ցեղից՝ տասներկու հազար,
Ղևիի ցեղից՝ տասներկու հազար,
Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար,
8Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար,
Հովսեփի ցեղից՝ տասներկու հազար,
Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար։
Եկեղեցին որպես ընտրյալների բազմություն
9Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ 10Եվ բարձրաձայն աղաղակում էին ու ասում.
«Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, և Գառանը»։
11Եվ բոլոր հրեշտակները կանգնել էին աթոռի, երեցների և չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ 12ասելով.
«Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
13Եվ երեցներից մեկն ինձ հարցրեց. «Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են եկել»։ 14Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։
15Դրա համար Աստծու գահի առաջն են
և նրա տաճարում գիշերուզօր նրան են պաշտում,
և գահի վրա նստողը հովանի պիտի լինի նրանց վրա։
16Այլևս ո՛չ քաղցելու են, ո՛չ էլ ծարավելու,
և ո՛չ արևը նրանց վրա կընկնի,
ո՛չ էլ տապը,
17որովհետև Գառը, որ գահի մեջտեղում է, կհովվի նրանց
ու կառաջնորդի դեպի կենաց ջրի աղբյուրները,
և Աստված կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։
Արդեն Ընտրված.
Հայտնություն 7: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018