Հռոմեացիներին 10

10
Հավատի և օրենքի հակադրությունը
1Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագն ու աղոթքն Աստծուն նրանց համար են, որպեսզի փրկվեն։ 2Քանզի վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ո՛չ գիտակցաբար, 3որովհետև նրանք Աստծու արդարությունը չգիտենալով և իրենց արդարությունը հաստատել փորձելով՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ 4Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։
Փրկություն բոլորին
5Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում. «Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի» (Ղևտ. 18.5)։ 6Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում. «Քո սրտում չասես՝ "Ո՞վ է երկինք բարձրանալու"», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար, 7կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ 8Իսկ Գիրքն ի՞նչ է ասում.
«Խոսքը մոտ է քեզ,
քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14),
այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ 9Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ 11Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (Ես. 28.16)։ 12Հրեայի և հույնի միջև խտրություն չկա, որովհետև բոլորի Տերը նույնն է, առատաձեռն բոլորի հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ 13Քանի որ ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի (Հվլ. 2.32ա)։
14Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ 15Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. «Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում» (հմմտ. Ես. 52.7)։ 16Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան։ Եսային ասում է. «Տե՛ր, մեր ավետիսին ո՞վ հավատաց»։ 17Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։ 18Բայց ես ասում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ
"նրանց ձայնը ողջ երկրով մեկ եկավ,
և նրանց խոսքը՝ մինչև աշխարհի ծայրերը" (Սաղ. 19.4)»։
19Բայց ասում եմ. «Իսրայելը մի՞թե չիմացավ»։ Նախ Մովսեսն է ասում.
«Ես ձեր նախանձը շարժելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ,
և մի անմիտ ազգով ձեզ բարկացնելու եմ» (Բ Օր. 32.21)։
20Սակայն Եսային համարձակ ասում է.
«Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում,
և հայտնվեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում» (Ես. 65.1)։
21Բայց Իսրայելին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի մի անհնազանդ ու հակառակվող ժողովրդի»։

Արդեն Ընտրված.

Հռոմեացիներին 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք