Հռոմեացիներին 11

11
Աստված չմերժեց իր ժողովրդին
1Արդ հարցնում եմ. «Մի՞թե Աստված իր ժողովրդին մերժեց». քա՛վ լիցի, որովհետև ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2Աստված չմերժեց իր ժողովրդին, որին կանխավ ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Գիրքը Եղիայի մասին ի՛նչ է ասում. ինչպե՛ս է նա Աստծուն Իսրայելի դեմ գանգատվում. 3«Տե՛ր, քո մարգարեներին կոտորեցին ու քո զոհասեղանները կործանեցին. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։ 4Իսկ Աստծու պատասխանը նրան ի՞նչ է ասում. «Ինձ համար յոթ հազար մարդ թողեցի, որոնք Բահաղին չծնրադրեցին» (Գ Թագ. 19.18)։ 5Նույն կերպ էլ ներկայումս մարդկանց մի մնացորդ կա շնորհի ընտրության համաձայն։ 6Իսկ եթե շնորհով է, ուրեմն այլևս գործերից չէ. այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ 7Ուրեմն ի՞նչ. այն, ինչ Իսրայելը փնտրում էր, չհասավ դրան, սակայն ընտրյալները հասան, իսկ մյուսները կուրացան, 8ինչպես որ գրված է.
«Աստված նրանց թմրության հոգի տվեց,
աչքեր, որոնցով չեն տեսնելու,
ու ականջներ, որոնցով չեն լսելու
մինչև այսօր» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։
9Դավիթն էլ ասում է.
«Նրանց սեղանը թող որոգայթ դառնա նրանց համար,
խայծ և գայթակղություն ու հատուցում նրանց։
10 Նրանց աչքերը թող խավարեն,
որպեսզի չտեսնեն,
ու նրանց թիկունքները միշտ կորացա՛ծ պահիր» (Սաղ. 69.22-23)։
11Ուրեմն հարցնում եմ. «Մի՞թե սայթաքեցին, որ կործանվեն». քա՛վ լիցի։ Բայց նրանց անկումը հեթանոսների համար փրկություն եղավ, որպեսզի նրանց նախանձը շարժեր։ 12Սակայն եթե նրանց անկումը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, ապա որքա՜ն առավել՝ նրանց լիակատար դարձը։
Հեթանոսների փրկությունը
13Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. քանի որ ես հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը, 14որպեսզի թերևս իմ ազգակիցների նախանձը շարժեմ ու նրանցից ոմանց փրկեմ։ 15Որովհետև եթե նրանց մերժումն աշխարհի հաշտություն է, ապա նրանց ընդունելությունն ի՞նչ կլինի, եթե ոչ մեռելներից կենդանացում։ 16Եթե երախայրին սուրբ է, ապա խմորն էլ է սուրբ, և եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ են սուրբ։
17Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար, 18այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ դո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։ 19Արդ կասես. «Ճյուղերը կոտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։ 20Լա՛վ. նրանք անհավատության պատճառով կոտրվեցին, իսկ դու հավատով հաստատվեցիր. մի՛ մեծամտացիր, այլ վախեցի՛ր, 21որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ 22Արդ տե՛ս Աստծու բարությունը և խստությունը. կործանվածների նկատմամբ՝ խստություն և քո նկատմամբ՝ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս. այլապես դու էլ կկտրվես։ 23Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։ 24Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։
Աստծու ողորմությունը բոլոր մարդկանց
25Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ այս խորհուրդը չիմանաք և ձեզ իմաստուն կարծեք. Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունը կշարունակվի մինչև բոլոր հեթանոսների մտնելը։ 26Եվ այսպես Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է.
«Սիոնից Փրկիչը կգա
և ամբարշտությունները Հակոբից կհեռացնի։
27 Իմ կողմից ուխտը նրանց հետ սա է (հմմտ. Ես. 59.20-21),
երբ նրանց մեղքերը կվերացնեմ»։
28Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության տեսակետից՝ սիրելի են հայրերի միջոցով. 29որովհետև Աստծու շնորհն ու կոչումը անփոփոխելի են։ 30Ինչպես որ դուք էլ մի ժամանակ Աստծուն չէիք հնազանդվում, իսկ հիմա նրանց անհնազանդությամբ ողորմություն եք գտել, 31այնպես էլ նրանք այժմ անհնազանդ եղան ձեր ողորմածության համար, որպեսզի իրենք էլ ողորմություն գտնեն։ 32Որովհետև Աստված բոլորին անհավատության մեջ փակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։
Փառաբանություն Աստծուն
33«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։
34 Ո՞վ Տիրոջ միտքն իմացավ,
կամ ո՞վ նրան խորհրդատու եղավ (Ես. 40.13)։
35 Կամ նրան ո՞վ նախապես մի բան տվեց,
որպեսզի դրա հատուցումը նրանից ստանա (Հոբ 41.11)։
36Որովհետև նրանից, նրանով ու նրա համար է ամեն բան. նրան փա՜ռք հավիտյան. ամեն»։

Արդեն Ընտրված.

Հռոմեացիներին 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք