Հռոմեացիներին 12:12-21

Հռոմեացիներին 12:12-21 ՆՎԱԱ

Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» ,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» ։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։