Հռոմեացիներին 13:8-14

Հռոմեացիներին 13:8-14 ՆՎԱԱ

Ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջը սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» և ուրիշ ի՛նչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» ։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի. ուրեմն օրենքի լրումը սերն է։ Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է, ու ցերեկը՝ մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցենք և լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը, պարկեշտությա՛մբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ո՛չ հակառակությամբ, ո՛չ էլ նախանձով։ Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի՛ հոգացեք ցանկությունը բավարարելու համար։