Ուստի աններելի ես, ո՛վ մարդ, որ բոլորին դատում ես. որովհետև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչով որ դատում ես։ Բայց մենք գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարիտ է նրանց նկատմամբ, ովքեր այդպիսի բաներ են անում։ Իսկ դու, ո՛վ մարդ, որ այդպիսի բաներ անողներին դատում ես, դու ևս նույնն ես անում, կարծում ես, թե կխուսափե՞ս Աստծու դատաստանից։ Կամ նրա անչափ բարությունը, մեծահոգությունը և համբերատարությունն արհամարհո՞ւմ ես՝ չգիտենալով, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում։ Բայց դու քո խստությամբ և չզղջացող սրտով քո անձի հանդեպ բարկություն ես կուտակում Աստծու բարկության և այն արդար դատաստանի հայտնության օրվա համար։ Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում, իսկ բարկություն և վրդովմունք՝ նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը և անիրավության հետևից են գնում, նեղություն և տառապանք՝ ամեն մարդու վրա, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի, հետո՝ հույնի։ Բայց փառք, պատիվ և խաղաղություն՝ ամեն բարիք գործողին, նախ՝ հրեային, հետո՝ հույնին. որովհետև Աստծու մոտ աչառություն չկա։