Հռոմեացիներին 8:31-39

Հռոմեացիներին 8:31-39 ՆՎԱԱ

Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի։ Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է։ Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք» ։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։