ՀՌՈՒԹ 1
1
Ելիմելեքը և իր ընտանիքը գնում են Մովաբ
1Դատավորների կառավարության օրերին երկրում սով եղավ, և Հուդայի Բեթլեհեմից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց Մովաբի երկիրը՝ պանդխտության։ 2Այդ մարդու անունը Ելիմելեք էր, կնոջ անունը՝ Նոեմի, և երկու որդիների անունները Մաալոն և Քելլոն էին։ Նրանք եփրաթացի էին, Հուդայի Բեթլեհեմից և գնացին Մովաբի երկիրն ու այնտեղ էին լինում։ 3Եվ Նոեմիի մարդը՝ Ելիմելեքը, մեռավ, և նա մնաց իր երկու որդիների հետ, 4որոնք իրենց համար մովաբացի կանայք առան. մեկի անունը Որփա էր, իսկ մյուսի անունը՝ Հռութ. և նրանք մոտ տասը տարի մնացին այնտեղ։ 5Մաալոնն ու Քելլոնը երկուսն էլ մեռան, և այդ կինը զուրկ մնաց իր երկու որդիներից ու մարդուց։
Նոեմին և Հռութը վերադառնում են Բեթլեհեմ
6Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։ 7Եվ նա իր ապրած տեղից դուրս եկավ իր երկու հարսների հետ, և ճանապարհ ընկան Հուդայի երկիրը վերադառնալու համար։ 8Նոեմին իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, և ձեզնից ամեն մեկը թող վերադառնա իր մոր տունը։ Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք եք արել այն մեռածներին և ինձ։ 9Տերը տա ձեզ, որ ամեն մեկդ հանգստություն գտնի իր մարդու տանը»։ Համբուրեց նրանց, և նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, լաց եղան։ 10Եվ նրան ասացին. «Մենք անպատճառ քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ 11Բայց Նոեմին ասաց. «Աղջիկնե՛րս, ե՛տ դարձեք, ինչի՞ համար գաք ինձ հետ. մի՞թե իմ արգանդում ուրիշ տղաներ կան, որ ամուսիններ դառնան ձեզ համար։ 12Ե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, որովհետև ես պառաված եմ, այլևս մարդու չեմ գնալու. եթե ասեի, թե հույս ունեմ հենց այս գիշեր կարգվելու և որդիներ էլ ծնելու, 13դուք մինչև նրանց մեծանալը պիտի սպասեի՞ք, դուք դրա համար պիտի զրկվեի՞ք ամուսնանալուց. ո՛չ, աղջիկնե՛րս. ես շատ եմ ցավում ձեզ համար, որովհետև Տիրոջ ձեռքը ինձ հարվածեց»։ 14Եվ նրանք, իրենց ձայնը բարձրացնելով, դարձյալ լաց եղան։ Եվ Որփան համբուրեց իր սկեսուրին, իսկ Հռութը մնաց նրա մոտ։ 15Սակայն Նոեմին ասաց. «Ահա քո տագերկինը ետ դարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ. դո՛ւ էլ ետ դարձիր քո տագերկնոջ ետևից»։ 16Եվ Հռութն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզնից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ. քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ 17Որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելին անի. միայն մահը պիտի ինձ բաժանի քեզնից»։ 18Երբ Նոեմին տեսավ, որ նա հաստատ ուզում է գնալ իր հետ, այլևս նրա հետ ոչ մի բան չխոսեց։
19Եվ երկուսն էլ գնացին, մինչև հասան Բեթլեհեմ։ Եվ երբ Բեթլեհեմ եկան, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով, և ասում էին. «Սա՞ է Նոեմին»։ 20Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։ 21Ես լիքը գնացի, բայց Տերն ինձ դատարկ ետ դարձրեց. ինչո՞ւ եք ինձ Նոեմի ասում, երբ Տերը խոնարհեցրել է ինձ, ու Ամենակարողը վշտացրել է ինձ»։ 22Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։
Արդեն Ընտրված.
ՀՌՈՒԹ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018