ԶԱՔԱՐԻԱ 10

10
Աստված ազատություն է խոստանում
1Տիրոջից խնդրե՛ք գարնանային ուշացած անձրև. Տիրոջից, որ ամպրոպ է առաջացնում. և նա անձրևի տարափ կտա նրանց և յուրաքանչյուրին՝ բուսականություն դաշտում։ 2Որովհետև կուռքերն ունայնություն են խոսել, գուշակողները սուտ տեսիլքներ են տեսել և կեղծ երազների մասին են խոսել՝ անօգուտ մխիթարություն տալու համար։ Ուստի հոտի պես են առաջ շարժվում, տառապում են, որովհետև հովիվ չկա։ 3«Հովիվների վրա բորբոքվեց իմ բարկությունը, և նոխազներին#10.3 Այսինքն՝ առաջնորդներին։ պիտի պատժեմ, որովհետև Զորքերի Տերն այցելեց իր հոտին՝ Հուդայի տանը, և պատերազմի ժամանակ նրանց իր փառավոր երիվարի նման պիտի դարձնի։ 4Նրանից է գալու անկյունաքարը,#10.4 Այսինքն՝ իշխանավորը։ նրանից է բևեռը#10.4 Այսինքն՝ գլխավորը։, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։ 5Եվ միասնաբար՝ հզորների նման պիտի լինեն, որ պատերազմելիս տրորում են ցեխոտ փողոցները. պիտի պատերազմեն, որովհետև Տերը նրանց հետ է, և ձի հեծնողներին պիտի ամաչեցնեն։ 6Ես պիտի զորացնեմ Հուդայի տունը և փրկեմ Հովսեփի տունը և նրանց պիտի վերադարձնեմ, որովհետև գթացի նրանց։ Եվ նրանք պիտի լինեն այնպես, կարծես թե ես չէի մերժել նրանց, որովհետև ես եմ նրանց Տեր Աստվածը և նրանց պիտի պատասխանեմ։ 7Եվ Եփրեմը զորավոր մարդու պես պիտի լինի, և նրանց սիրտը պիտի ուրախանա ինչպես գինուց, և նրանց որդիներն էլ պիտի տեսնեն և ուրախանան. նրանց սիրտը պիտի ցնծա Տիրոջով։ 8Եվ ես պիտի սուլեմ ու ժողովեմ նրանց, որովհետև ես փրկել եմ նրանց. և նրանք պիտի շատանան, ինչպես որ շատ էին։ 9Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։ 10Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։ 11Եվ նա պիտի անցնի նեղության ծովով և ծովում պիտի հարվածի ալիքներին. պիտի չորանան գետի բոլոր խորությունները, պիտի իջեցվի Ասորեստանի ամբարտավանությունը, և պիտի հեռանա Եգիպտոսի գավազանը։ 12Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։

Արդեն Ընտրված.

ԶԱՔԱՐԻԱ 10: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք