ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1
1
Նախաբան
1Առաջին պատմությունը, որ սկզբից գրի առա, ո՛վ Թեոփիլոս, այն ամենի մասին էր, ինչ Հիսուս արեց և ուսուցանեց, 2մինչև այն օրը, երբ երկինք բարձրացավ՝ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տալով իր ընտրյալ առաքյալներին։ 3Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։ 4Եվ նրանց հետ հացի հաղորդության ժամանակ պատվեր էր տալիս նրանց. «Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասե՛ք Հոր խոստումին, ինչպես որ լսեցիք ինձանից։ 5Քանի որ Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք ոչ շատ օրեր հետո Սուրբ Հոգով պիտի մկրտվեք»։
6Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։ 7Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։ 8Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
Հիսուսի համբարձումը
(Մրկ. 16.19-20, Ղուկ. 24.50-53)
9Այս ասելուց հետո, մինչ նայում էին, նա վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10Եվ մինչդեռ նրա գնալու վրա ապշահար եղած երկինք էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին նրանց 11ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։
Առաքյալների խումբը
12Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։ 13Եվ երբ քաղաք մտան, ուղիղ վերնատուն բարձրացան, որտեղ և ապրում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Շմավոն Նախանձահույզը և Հակոբի որդի Հուդան։ 14Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
Մատաթիայի ընտրությունը
15Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար). 16«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար Սուրբ Գրքում գրվածը, որ Դավթի բերանով Սուրբ Հոգին նախապես ասաց Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ, 17չնայած որ մեր խմբի մեջ էր և մեզ պաշտոնակից ու ծառայակից էր։ 18Սա, իբրև իր անիրավությանը վարձ, մի ագարակ ստացավ, բայց ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։ 19Երուսաղեմի բոլոր բնակիչներին այս հայտնի դարձավ, այնպես որ իրենց բարբառով ագարակն անվանվում էր Ակեղդամա, այսինքն՝ Արյան ագարակ։ 20Քանզի Սաղմոսների գրքում գրված է.
«Թող նրա տունն ավերակ դառնա,
և ոչ ոք թող այնտեղ չբնակվի» (Սաղ. 68(69).26),
և դարձյալ՝
«Թող նրա առաքելությունն ուրիշն առնի» (Սաղ. 108(109).8)։
21Արդ, պետք է այստեղ հավաքված մարդկանցից մեկը, որոնք մեր Տիրոջ՝ Հիսուսի՝ մեր մեջ բնակվելու ժամանակ միշտ մեզ հետ էին, 22Հովհաննեսի մկրտությունից սկսած մինչև մեզնից երկինք բարձրանալու օրը, մեզ հետ միասին նրա հարության վկան դառնա»։ 23Ընտրեցին երկու հոգու՝ Հովսեփին, որին Բարսաբբաս էին կոչում, որը Հուստոս անվանվեց, և Մատաթիային։ 24Եվ աղոթքի կանգնելով ասացին. «Տե՛ր, դու, որ գիտես բոլոր մարդկանց սրտերը, հայտնի՛ր, թե այս երկուսից որին ես ընտրել՝ 25ստանձնելու այս պաշտոնն ու առաքելությունը, որից ընկավ Հուդան ու գնաց իր ճանապարհով»։ 26Նրանց վիճակ տվեցին, ու վիճակն ընկավ Մատաթիային, և նա գումարվեց տասնմեկ առաքյալներին։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն