ԵԼՔ 17

17
Ջուր ապառաժից
(Թվ. 20.1-13)
1Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։ 2Եվ ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսեսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսեսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք ինձ մեղադրում և ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ 3Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։ 4Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»։ 5Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի առջևից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գավազանը, որով հարվածեցիր գետին, և ճամփա՛ ընկիր։ 6Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։ 7Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։
Պատերազմ Ամաղեկի դեմ
8Ամաղեկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին Իսրայելի դեմ։ 9Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։ 10Հեսուն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Մովսեսը. նա պատերազմեց ամաղեկացիների դեմ։ Մովսեսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ 11Եվ երբ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, հաղթում էր Իսրայելը, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, հաղթում էին ամաղեկացիները։ 12Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար բերեցին, և նա նստեց դրա վրա, ապա Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, բռնեցին նրա թևերի տակից։ Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին։ 13Հեսուն սրակոտոր արեց ամաղեկացիներին ու նրանց ողջ զորքը։ 14Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։ 15Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց «Տերն իմ ապավենն է» [𝕸 Եհովա-նիսսի16ասելով. «Տերն իր անտեսանելի ձեռքով պատերազմելու է ամաղեկացիների դեմ սերնդից սերունդ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 17: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք