ԵԼՔ 2

2
Մովսեսի ծնունդը
1Ղևիի ցեղից մի մարդ կար, որն իրեն կին էր առել Ղևիի դուստրերից մեկին։ 2Սա հղիացավ ու մի արու զավակ ծնեց։ Տեսնելով, որ նա կայտառ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3Երբ այլևս չէին կարողանում թաքցնել, նրա մայրն առավ եղեգյա մի զամբյուղ, ծեփեց այն կպրաձյութով, մանկանը դրեց դրա մեջ և գետափին՝ ծանծաղուտ մի տեղում, թողեց։ 4Մանկան քույրը հեռվից հետևում էր՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու նրա հետ։ 5Այդ ժամանակ փարավոնի դուստրն իջավ գետում լվացվելու։ Նրա նաժիշտները շրջում էին գետափին։ Նա, ծանծաղուտի մեջ տեսնելով զամբյուղը, ուղարկեց մի նաժիշտի՝ հանելու այն։ 6Բացեց ու տեսավ մանկանը, որ լաց էր լինում զամբյուղում։ Փարավոնի դուստրը գթաց նրան և ասաց. «Սա եբրայեցիների երեխաներից է»։ 7Մանկան քույրն ասաց փարավոնի դստերը. «Ցանկանո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ սնի այդ մանկանը քեզ համար»։ 8Փարավոնի դուստրն ասաց. «Գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մորը։ 9Փարավոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը և սնի՛ր նրան ինձ համար։ Ես քեզ կվարձատրեմ»։ Կինը վերցրեց մանկանն ու սնեց նրան, 10և երբ մանուկը մեծացավ, բերեց նրան փարավոնի դստեր մոտ, և նա եղավ նրա որդեգիրը։ Նրան անվանեց Մովսես՝ ասելով. «Ջրից հանեցի նրան»։
11Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։ 12Նայելով այս ու այն կողմ՝ տեսավ, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և թաքցրեց ավազի տակ։ 13Հաջորդ օրը, տեսնելով, որ երկու եբրայեցիներ կռվում էին միմյանց հետ, անիրավողին ասաց. «Ինչո՞ւ ես հարվածում ընկերոջդ»։ 14Նա պատասխանեց. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա, թե՞ ինձ էլ ես ցանկանում սպանել, ինչպես երեկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց, թե այսպիսով հայտնի եղավ իր արածը։
15Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։ 16Մադիանացիների քուրմը յոթ դուստր ուներ, որոնք արածեցնում էին իրենց հոր հոտերը։ Նրանք եկել էին ջուր հանելու, որպեսզի լցնեն ավազանները՝ իրենց հոր ոչխարներին ջուր տալու համար։ 17Բայց ուրիշ հովիվներ եկան և նրանց քշեցին։ Մովսեսը ելնելով վռնդեց նրանց և ջուր հանեց ու խմեցրեց նրանց հոտերը։ 18Աղջիկները եկան Ռագուելի՝ իրենց հոր մոտ։ Նա նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եղավ, որ այսօր արևը մայր չմտած՝ եկաք»։ 19Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի այր փրկեց մեզ հովիվներից և ջուր հանեց ու տվեց մեր հոտերին»։ 20Եվ նա ասաց իր դուստրերին. «Որտե՞ղ է, որտե՞ղ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչե՛ք նրան, որ մեզ հետ հաց ուտի»։ 21Եվ Մովսեսը բնակվեց այդ մարդու մոտ, և սա իր դուստր Սեպփովրային կնության տվեց Մովսեսին։ 22Կինը հղիացավ ու ծնեց որդի, որին Մովսեսը Գերսամ անվանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»։
23Շատ օրեր անց մեռավ եգիպտացիների թագավորը։ Իսրայելի որդիները շարունակում էին տառապել գործերից և աղաղակ էին վեր առաքում։ Նրանց աղաղակը հասավ Աստծուն։ 24Աստված լսեց նրանց հեծեծանքը, հիշեց իր ուխտը Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, 25նայեց Իսրայելի որդիներին ու հայտնվեց նրանց։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 2: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք