ԵԼՔ 22

22
1Եթե գողը գողության պահին նկատվի և խոցվելով մահանա, դա սպանություն չպետք է համարվի։ 2Իսկ եթե գիշերային գողը արևածագից հետո սպանվի, սպանողը մահապարտ է և մահվամբ պիտի հատուցի։ Եթե գողը հատուցելու ոչինչ չունենա, ապա թող վաճառվի իր գողության փոխարեն։ 3Իսկ եթե նա բռնվի, և գողոնը՝ արջառ, էշ կամ ոչխար, իր ձեռքում լինի, կրկնակի թող հատուցի։
4Եթե մեկն իր անասունն արածեցնելիս թույլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի։ Իսկ եթե հանդը փչացրել է ամբողջությամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատվածով։
5Եթե կրակը փշերն այրելով տարածվի ու այրի մեկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա կրակ անողը թող վնասը հատուցի։
6Եթե մեկը մի մարդու արծաթ կամ որևէ այլ իր տա պահելու, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, թող կրկնակին հատուցի, 7իսկ եթե գողը չգտնվի, ապա տան տերը թող Աստծու առաջ երդվի, որ ինքն ամենևին չի յուրացրել այդ մարդու ավանդը։
8Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամեն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վեճ հարուցող խնդիրների իսկությունը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում Աստված մեղավոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի մյուսին։
9Եթե մեկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որևէ այլ անասուն պահ տա, և այն վնասվածք ստանա, սատկի կամ հափշտակվի, և այդ բանը հաստատող ոչ մի վկա չլինի, 10ապա երկուսի միջև թող Աստծուն տրված երդումը որպես վկայություն լինի։ Նա, ում մոտ անասունը պահ է տրված եղել, եթե երդվի, որ երբեք նենգ մտադրություն չի ունեցել մյուսի տված ավանդի նկատմամբ, ապա տերը թող բավարարվի դրանով, իսկ պահողը թող չտուգանվի։ 11Իսկ եթե ապացուցվի, որ յուրացրել է այն, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը։ 12Իսկ եթե պահ տրված անասունին մի գազան է հոշոտել, որպես ապացույց նա թող բերի անասունի լեշը և վնասը չհատուցի։
13Եթե մեկը իր կամ անասուն խնդրի մեկ ուրիշից, որը ջարդվի կամ սատկի կամ հափշտակվի, և տերը ներկա չլինի, թող վնասը հատուցի։ 14Եթե տերը ներկա լինի, թող չհատուցի։ Եթե վարձով է առել, վարձը բավական թող լինի»։
15«Եթե մեկը խաբի չնշանված մի կույսի և պառկի նրա հետ, թող օժիտ վճարի ու ամուսնանա նրա հետ։ 16Եվ եթե աղջկա հայրը չհամաձայնի նրան կնության տալ իր աղջկան, խաբողը նրա հորը արծաթ թող վճարի այնքան, ինչքան սահմանված է կույսերի համար։
17Մի՛ թողեք, որ կախարդներն ապրեն։
18Ով կենակցի անասունի հետ, նրան մահապատժի՛ ենթարկեք։
19Ով կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկվի։ Զո՛հ մատուցեք միայն Տիրոջը։
20Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։
21Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք։ 22Եթե տանջեք նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կլսեմ նրանց ձայնը, 23սաստիկ կբարկանամ, սրով կկոտորեմ ձեզ, և ձեր կանայք այրի կդառնան, իսկ ձեր մանուկները՝ որբ։
24Եթե արծաթ ես փոխ տալիս աղքատ մեկին, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից։
25Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն, 26որովհետև դա նրա և՛ վերարկուն է, և՛ նրա մերկությունը ծածկող հանդերձը, որով և նա քնում է։ Եվ եթե նա բողոքի ինձ, ես կլսեմ նրան, որովհետև ողորմած եմ։
27Քո Աստծուն մի՛ վատաբանիր և քո ժողովրդի իշխանին մի՛ հայհոյիր։
28Քո կալի ու հնձանի արդյունքը մի՛ կտրիր ինձնից։
Քո որդիների անդրանիկներին ինձ կնվիրաբերես։ 29Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։
30Դուք ինձ համար սուրբ մարդիկ պիտի լինեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Գազանի հոշոտած կենդանու միս մի՛ կերեք, այլ շա՛նը նետեք»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 22: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք