ԵԼՔ 24

24
Իսրայելի հետ կնքված ուխտը
1Եվ ասաց Մովսեսին. «Բարձրացե՛ք Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի ծերերից յոթանասուն այր։ Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռվից։ 2Աստծուն թող մոտենա միայն Մովսեսը, իսկ մյուսները թող չմոտենան։ Բայց ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանա»։ 3Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։
4Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։ 5Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։ 6Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ արյան մյուս կեսը հեղեց զոհասեղանի առաջ։ 7Նա, վերցնելով Ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։ 8Մովսեսը, վերցնելով արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա այն ուխտի արյունն է, որ Տերը կնքեց ձեզ հետ, որպեսզի կատարեք նրա բոլոր պատգամները»։
9Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի յոթանասուն ծերերը բարձրացան 10և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։ 11Իսրայելի ընտրյալներից ոչ մեկը չմեռավ։ Նրանք եղան Աստծու վայրում, կերան ու խմեցին։
Մովսեսը Սինա լեռան վրա
12Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց»։ 13Մովսեսն ու նրա գործակից Հեսուն բարձրացան Աստծու լեռը։ 14Եվ ծերերին ասաց. «Հանգստացե՛ք այստեղ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթե որևէ մեկը վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։ 15Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։ 16Տիրոջ փառքն իջավ Սինա լեռան վրա, և ամպն այն ծածկեց վեց օր։ Եվ յոթերորդ օրը Տերը ամպի միջից կանչեց Մովսեսին։ 17Տիրոջ փառքի տեսիլքը՝ իբրև բորբոքված հուր, լեռան գագաթին էր՝ Իսրայելի որդիների առաջ։ 18Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 24: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք