ԵԼՔ 25

25
ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՆԸ ԵՎ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅՈՒՆԸ
(25.1–40.36)
Ընծաներ սուրբ խորանին
(Ելք 35.4-9)
1Տերը Մովսեսին ասաց. 2«Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։ 3Սրանք են այն ընծաները, որ պիտի ընդունեք նրանցից՝ ոսկի, արծաթ, պղինձ, 4կապույտ, ծիրանագույն և վառ կարմիր մանվածքներ, նրբահյուս բեհեզ, այծի մազ, 5կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ և չփտող փայտեր, 6լուսավորության համար ձիթայուղ, օծության յուղի և խնկի համար անուշահոտ նյութեր, 7սարդիոնի քարեր, նաև հղկված ակնաքարեր՝ զարդարելու քահանայական լանջապանակը#Քահանայապետի կրծքի վրա կախված ոսկյա տախտակ՝ զարդարված տասներկու թանկարժեք քարերով։ և պատմուճանը։ 8Ինձ համար սրբարան կկառուցես, որտեղ ես կերևամ ձեզ։ 9Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
Ուխտի տապանակը
(Ելք 37.1-9)
10Չփտող փայտից պատրաստի՛ր Ուխտի տապանակը՝ երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ 11Այն ներսից պատի՛ր մաքուր ոսկով, արտաքինից ոսկեզօծի՛ր և վերևի եզրին ալյակաձև ոսկե շրջանա՛կ արա։ 12Չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։ 13Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։ 14Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։ 15Բռնակները Ուխտի տապանակի օղակների մեջ թող անշարժ մնան։ 16Տապանակի մեջ կդնես Վկայության այն տախտակները, որ ես պիտի տամ քեզ։
17Տապանակի կափարիչը, որ կոչվելու է Քավություն, կպատրաստես մաքուր ոսկուց, երկուսուկես կանգուն երկարությամբ և մեկուկես կանգուն լայնությամբ։ 18Քանդակված ոսկյա երկու քերովբեներ կպատրաստես և կդնես Քավության երկու ծայրերի վրա։ 19Քերովբեներից մեկը թող լինի Քավության մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին։ Երկու քերովբեներ կանես դրա երկու ծայրերին. 20թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։ 21Քավությունը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունները, որ ես պիտի տամ քեզ։ 22Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։
Առաջավորության հացի սեղանը
(Ելք 37.10-16)
23«Չփտող փայտից սեղա՛ն պատրաստիր երկու կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ 24Այն պատի՛ր մաքուր ոսկով, նրա շուրջբոլորը ալյակաձև ոսկե եզրե՛ր 25արա և շուրջանակի չորս մատնաչափ մեծությամբ մի պսակ։ Պսակի շուրջբոլորը ևս ալյակաձև եզրե՛ր արա։ 26Եվ չորս ոսկե օղակնե՛ր պատրաստիր ու դրանք դի՛ր չորս անկյուններին՝ չորս ոտքերից վերև, 27պսակից ներքև։ Օղակները ծառայելու են սեղանը բարձրացնելու համար՝ բռնակները դրանց մեջ անցկացնելով։ 28Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։
29Պատրաստի՛ր խնկաղացներ, խնկատուփեր, գավաթներ ու սկիհներ, որոնցով գինի պիտի մատուցես։ Մաքուր ոսկո՛ւց պատրաստիր դրանք։
30Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես Առաջավորության հացը»։
Աշտանակը
(Ելք 37.17-24)
31«Մաքուր ոսկուց աշտանակ կպատրաստես՝ քանդակված, իր բնով, ճյուղերով, սկահակներով, գնդերով ու զարդածաղիկներով միաձույլ։ 32Վեց ճյուղեր պետք է տարածվեն նրա կողքերից. աշտանակի երեք ճյուղերը պետք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի մյուս երեք ճյուղերը՝ մյուս կողմից։ 33Ամեն մի ճյուղ պետք է ունենա գնդիկից ու զարդածաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Մյուս ճյուղերն էլ պետք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած ընկուզաձև երեք սկահակ։ Այսպես թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճյուղերը. 34աշտանակի վրա պետք է լինեն ընկուզաձև չորս սկահակներ՝ իրենց խոյակներով և զարդածաղիկներով։ 35Բնից դուրս եկած երկու ճյուղերը ներքևում պիտի միանան մի գնդիկով։ Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու մյուս ճյուղերի տակ նույնպես պետք է լինի մի գնդիկ։ Նույն ձևով կպատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճյուղերն 36այնպես, որ նրանց գնդիկներն ու ճյուղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջությամբ քանդակազարդ, մեկ կտոր մաքուր ոսկուց։ 37Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։ 38Դրա յուղամաններն ու յուղամանի տակի ափսեները կպատրաստես մաքուր ոսկուց։ 39Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կպատրաստես։ 40Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 25: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք